«Պատերազմի նախապատրաստությո՞ւն». Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի 93 տանկ է անհետացել. ԵԱՀԿ-ն անհանգստացած է

«Պատերազմի նախապատրաստությո՞ւն». Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի 93 տանկ է անհետացել. ԵԱՀԿ-ն անհանգստացած է

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդները Դոնբասում արձանագրել են Ուկրաինայի զինված ուժերի 93 Տ-64 տանկերի և 14 ինքնագնաց հրետանային համակարգերի անհետացում: Այս մասին գրում է riafan.ru կայքը:

ԵԱՀԿ զեկույցի համաձայն՝ առաքելության դիտորդներն արձանագրել են Ուկրաինայի զինված ուժերում ավելի քան 100 միավոր ծանր զենքի ու տեխնիկայի բացակայություն դրանց մշտական տեղակայման վայրերից: Փաստաթղթում նշվում է, որ նման քանակությամբ ռազմական տեխնիկայի անհետացումը կարող է նշանակել ուկրաինացի զինվորականների` Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատրաստություն:

2020 թվականի դեկտեմբերի սկզբին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարել էր, որ ուկրաինական բանակի մարտունակությունը մնում է ցածր՝ չնայած ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան բազմաթիվ «բարեփոխումներին»: Նրա խոսքերով՝ Ուկրաինան չունի նույնիսկ կառավարման ավտոմատացված համակարգեր, որոնք զանգվածաբար ներդրվում են ռուսական բանակում:

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը խոստովանել էր, որ Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքը ռազմական ճանապարհով «վերադարձնելու» հարց օրակարգում չկա: Ըստ նրա, կան մի քանի պատճառներ, որոնք կարող են խանգարել դրան: Դրանց թվում են՝ խիտ բնակեցված տարածքներում ռազմական գործողությունների մասին միջազգային իրավունքի խախտումը և ուկրաինական բանակի ամբողջական ոչնչացման հավանականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում