Սյունիքում կատարվողը որևէ առնչություն չունի եռակողմ հայտարարության հետ․ Կարեն Բեքարյան

Սյունիքում կատարվողը որևէ առնչություն չունի եռակողմ հայտարարության հետ․ Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ուզում եմ մի բան հստակ վերհիշենք՝ նոյեմբերի 9-10-ի եռակողմ խայտառակ հայտարարությունը։ Դրա մեջ որևէ կետ չկա ԼՂՀ հարավին, Հայաստանի սահմանակից շրջաններին վերաբերող, կամ եթե ԽՍՀՄ լեզվով ասեմ, Զանգելանի և Կուբաթլուի շրջաններին։ Այս մասին կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։

«Հայկական կողմից այդ հայտարարությունը ստորագրողը չի փորձել անգամ ունենալ իրավիճակ, որ Հայաստանի Զինված ուժերի և ԼՂՀ ՊԲ-ի տարբերակում լինի։ Եռակողմ հայտարարության հիմնական կետերից էր այն, որ ով որտեղ կանգնած է, մնում է կանգնած, և 3 շրջանների՝ Աղդամի, Քարվաճառի, Լաչինի հանձնման վերաբերյալ կար ժամանակացույց»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքի շրջակայքում, այդ երեք շրջաններից ոչ մեկը չէ։

«Հետևաբար, ըստ հայտարարության, հայ զինվորը պետք է կանգնած մնար այնտեղ, որտեղ կանգնած էր։ Այն, ինչ որ այսօր Սյունիքում տեղի է ունենում, միանշանակ որևէ առնչություն չունի եռակողմ հայտարարության հետ»,- ասաց նա՝ նշելով նաև, թե դրա հետ կապված իշխանությունը մանիպուլյացիաներ է անում։

Ինչ վերաբերում է սահմանազատմանը, Բեքարյանն ընդգծեց, որ նման դեպքում ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, լինում են աշխատանքային խմբեր, միջգերատեսչական մարմին, որոնք սահմանի ողջ երկայնքով սկսում են իրականացնել սահմանագծում, սահմանազատում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը տարիներ է տևում։

«Սա ի՞նչ սահմանազատում է, որը ոչ մի կանոնի տակ չի ընկնում։ Հետևաբար սա սահմանազատում էլ չէ։ Հայտարարությունից հետո դու քո դիրքերից դուրս ես եկել միակողմանի»,- ասաց Բեքարյանը՝ հարց բարձրացնելով, թե սա արդյո՞ք նշանակում է, որ կա հանրությանը չներկայացված այլ համաձայնություն։

«Տեղի է ունենում մարդկանց՝ իրենց տներից օտարում։ Միակ տրամաբանությունն այն է, որ նա Ալիևի հանդեպ ունի ստանձնած լրացուցիչ պարտավորություններ, որոնք հիմա առանց հանրությանը ներկայացնելու, լուռումունջ արվում են։ Ձեզ թվում է Սյունիքով ավարտվելո՞ւ է։ Սյունիքով չի ավարտվելու։ Այս պետության անվտանգությունն օր օրի մսխվում է։ Նա չի կարող պետություն ներկայացնել։ Կա միայն մի կետ, որ թշնամին երջանիկ է, որ նա դեռ կա, և դեռ ինչքան է պոկելու»,- ասաց Բեքարյանը։

Բեքարյանի կարծիքով՝ պետք է վերջնաժամկետ գործի, և ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք անօրինական հրամաններ են կատարում, հրաժարվեն դրանից, հեռանան՝ իմանալով, որ հետո վերականգնվելու են աշխատանքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում