Սյունիքի քաղաքապետերը հալածվում են նրա համար, որ ուզում են հողը պահել․ Մխիթար Հարությունյան (տեսանյութ)

Սյունիքի քաղաքապետերը հալածվում են նրա համար, որ ուզում են հողը պահել․ Մխիթար Հարությունյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացվել է դավադրություն, իրավապահները պետք է գործեն, բացահայտեն և արմատախիլ անեն դավադիրների շղթան, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ անդամ, նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ստորագրված հայտարությանը:

«Նախապատերազմյան հետպատերազմյան ժամանակահատվածում, պատերազմի ընթացքում քննարկում ենք բաներ, որոնք տրամաբանությունից դուրս են: Դավադրության առաջին քայլերը արվեցին հենց գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացված գործողություններով: Ժողովրդական ասացվածք ունենք՝ «Կուժ քեզ կասեմ, կուլա դու հասկացի»: Պատերազմի ժամանակ չեղավ մի բարձրաստիճան զինվորական, որ աներ այն, ինչ անհրաժեշտ է, բոլորը հասկանում էին, որ դավադրություն է տեղի ունեցել, բայց ապահովագրում էին իրենց, որ հետո ինչ-որ ձևով հիմնավորեն իրենց դավադրության մաս չլինելը»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ուժայինները մեծամասամբ լռում էին, որպեսզի այն, ինչ հեղափոխությունից հետո կատարվեց մի շարք գեներալների հետ, իրենց հետ չկատարվեր, բայց եթե հենց սկզբից թույլ չտային նման գործընթացներ, հիմա այս իրավիճակը չէր լինի, դավադիր ծրագիրը չէր իրականացվի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ԵԿՄ-ն փողոց դուրս չի գալիս, չէ որ իրենց ազատագրածն են հանձնել, ապա Հարությունյան ասաց, որ չի ուզում ամբողջ ԵԿՄ-ի անունից կարծիք հայտնել: «Էլի սահմանների խնդրիր ունենք, թող ԵԿՄ-ն այդ հարցերով զբաղվի, այ որ Սասուն Միքայելյանը՝ որպես քաղաքական գործիչ, այդ հայտարարությունների մասին պիտի ասի, դա այլ է: Իր խնդիրն է, թող ասի»,-ասաց նա:

Մխիթար Հարությունյանի խոսքով՝ Սյունիքի մարզի քաղաքապետերը հիմա հալածվում են նրա համար, որ ուզում են հողը պահել, պաշտպանում են Սյունիքը:

«Այսինքն ի՞նչ է, պետք է հարսի նման պահվածք դրսևորեն բոլորը: Ես կոչ եմ անում ամբողջ ազգին կենտրոնանալ Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վրա, հակառակ դեպքում հարմարվում ենք դավադրությանը: Ազատամարտիկներն այս պահին ունեն սահմանները պահելու անելիք: Եթե ազատամարտիկները դուրս գան իշխանություններին դեմ կամ կողմ, ապա կլինի մարդասպանություն, անզեն աչքով երևում է, որ հնարավոր է հասնի դրան, մենք պետք է սա հասկանանք…»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում