Ադրբեջանում սկսել են խոսել ազգային արժույթի արժեզրկման մասին

Ադրբեջանում սկսել են խոսել ազգային արժույթի արժեզրկման մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԱդրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի համար ձախողակ 2015 թ-ից հինգ տարի անց երկրում սկսել են խոսել արժեզրկման մասին։ Եվ կենտրոնական բանկի՝ այդ լուրերը հերքող հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա։ Այս մասին գրում է Jam News-ը։

Ադրբեջանի Կենտրոնական բանկի կառավարման նախագահ Էլման Ռուստամովը Report պարբերականին տված հարցազրույցում երկրում անխուսափելի արժեզրկման մասին լուրերը «դատարկ խոսակցություններ» է անվանել։

Հանրապետության գլխավոր բանկիրի այս, թվում է, հույս ներշնչող հայտարարությունը սաստկացրել է փորձագետների կարծիքը մանաթի համար մոտալուտ «սև օրերի» մասին։

«Էլման Ռուստամովը շատ լավ գիտի, որ արժեզրկման մասին իր արտահայտությունները մարդիկ հակառակն են հասկանում։ Այդ պատճառով էլ նա հարցազրույցի ժամանակ իր այդ ժպիտով քողարկված մեսիջ է ուղարկում», – Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին։

Նա հիշեցրել է նաև, որ 2015 թ-ին արժեզրկման մասին հայտարարելուց չորս օր առաջ Էլման Ռուստամովը նույնպես հայտարարել էր այդ ոչ պոպուլյար գործընթացի անհնարինության մասին։

2015 թ-ից առաջ ադրբեջանական մանաթը երկար ժամանակ համարվում էր ամենակայուն արժույթներից մեկը հետխորհրդային տարածքում, և մեկ ԱՄՆ դոլարն արժեր ընդամենը 0,78 մանաթ։ Սակայն 2015 թ-ին երկրի կառավարությունը երկու անգամ արժեզրկման է դիմել, որի հետևանքով ԱՄՆ մեկ դոլարի արժեքն աճել է մինչև 1,70 մանաթ։ Այդ փոխարժեքը պահպանվում է մինչ օրս։

Մանաթի արժեզրկման տնտեսական անխուսափելիությունը Ֆեյսբուքի իր էջում հիմնավորել է «Հանրապետական այլընտրանքի» առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում