Լյուքսեմուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ արձանագրելով Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբեջանի կողմից

Լյուքսեմուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ արձանագրելով Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբեջանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Լյուքսեմուրգի խորհրդարանը նախօրեին ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին, ի թիվս այլոց, Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանն արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները, սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։

Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։

Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնություններ և ատելություն են տարածում, ինչպես նաև՝ ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում