Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Գազայի հատվածը՝ ի պատասխան այնտեղից 2 հրթիռի արձակման

Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Գազայի հատվածը՝ ի պատասխան այնտեղից 2 հրթիռի արձակման

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գրոհ են սկսել, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Գազայի հատվածից՝ Իսրայելի Աշխելոն բնակավայրի ուղղությամբ հրթիռների արձակմանն ի պատասխան, Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհ են կազմակերպել հակառակ ուղղությամբ:

«Քիչ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերի կործանիչներն ու ինքնաթիռները Գազայի հատվածում գրոհեցին «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության թիրախները», – տեղեկացրել է Իսրայելական բանակի մամուլի խոսնակը՝ իր թվիթերյան գրառման մեջ:

Մամուլի խոսնակը հավելել է, որ հրթիռակոծության թիրախում եղել են հրթիռային զենքի արտադրության տեղամասերը և «ՀԱՄԱՍ» զինված խմբավորմանը պատկանող ռազմակայանը՝ շեշտելով, որ դա երեկ երեկոյան Իսրայելի նկատմամբ իրականացված հարձակման պատասխանն է:

Ըստ պաղեստինյան աղբյուրների՝ հրթիռակոծության հետևանքով հոսանքազրկվել է Գազայի արևելյան շրջանում գտնվող Թուֆահ թաղամասը, իսկ զոհեր և վիրավորներ չկան:

«Ֆաթահ» կենտրոնական կոմիտեի անդամ, Պաղեստինի քաղաքացիական գործերի նախարար Հուսեյն Ալ-Շեյխը հաստատել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ստացել է բանավոր և գրավոր հաղորդագրություններ, որոնք ցույց են տալիս Իսրայելի հավատարմությունը պաղեստինյան կողմի հետ կնքված պայմանագրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում