Մեր պայքարը չի ընդհատվում, պահանջն էլ մնում է նույնը՝ առանց Նիկոլի Հայաստան․ Գեղամ Մանուկյան

Մեր պայքարը չի ընդհատվում, պահանջն էլ մնում է նույնը՝ առանց Նիկոլի Հայաստան․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԱյսօր մենք շարժվում ենք դեպի ՀՔԾ, որտեղ ներկայացնելու ենք մեր դժգոհությունը, մեր պահանջները՝ օրենքը լիարժեք կատարելու համար։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» երթի ընթացքում հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։

Նա ընդգծեց՝ իրենց պայքարը չի ընդհատվում, պահանջն էլ մնում է նույնը։ Մանուկյանի խոսքով՝ այս ընթացքում իշխանությունը, հակառակ իր հայտարարությունների, թե ընդդիմության գործունեության համար բոլոր հնարավորությունները ստեղծել է, բայց երեկ ԱԺ շրջակայքում քաղաքացիական անհնազանդության գործողություններին քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքը գործադրելու ընթացքում ակնառու է, որ Ոստիկանությունը դիմեց շատ ավելի բիրտ միջոցների։

«Եթե ոստիկանությունում նշանակված ինչ-որ նոր պաշտոնյաներ կան, որոնց ուշքն ու միտքն է Նիկոլին համոզել, որ իրենք կարող են ավելի լավ ծառայել Նիկոլին, ոչ թե Հայաստանի օրենքներին, պետք է իմանան, որ այդ օրենքները մի օր դեմ դիմաց կանգնելու են նրանց առաջ, նայելու են նրանց աչքերի մեջ ու պահանջելու են պատասխան»,- հայտարարեց Մանուկյանը՝ հավելելով, որ չեն մոռանում իրենց գլխավոր պահանջը, որը ոչ մի վայրկյան չի դադարելու։

«Վարչապետի աթոռին նստած խելագարն ամեն օր ավելի նոր մի խելագարության է դիմում, ամեն օր ավելի է վատթարացնում մեր երկրում կյանքը, և դրա համար է, որ մեր պահանջը մնում է նույնը՝ առանց Նիկոլի Հայաստան»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, թե պատգամավորներից շատերը մոռանում են իրենց անցյալը, շատերը մոռանում են, թե ովքեր են եղել, և հիմա ԱԺ ամբիոնից պոռոտախոսությամբ են զբաղվում։

«Նրանք մոռանում են, որ ունեն մականուններ, որոնք հարիր չեն որևէ նորմալ մարդու, մոռանում են, որ ամբողջ հասարակությունը գիտի, թե ինչպիսի ցոփ կյանքով են ապրում, ինչպես են 2,5 տարվա մեջ խրվել կոռուպցիայի մեջ։ Այդպիսի պատգամավորներից մեկի անունը Հայկ Սարգսյան է, բայց հանրությունը նրան ավելի շատ ճանաչում է «Շիշ բռնող»։ Հասարակության ավելի տարեց սերունդը հիշում է, թե ինչպես էր կոռուպցիան վխտում Հայաստանի կենսաթոշակային համակարգում, ինչպես էին միլիոններ անհետանում, ինչպես էին մեռած հոգիները թոշակ ստանում։ Պոռոտախոս այդ պատգամավորը մոռանում է, որ այդպիսի անցյալ ունեցող մեկն է, բայց պետք է հիշի, որ հիշողությունը մեր երկրում կարճ չէ, և ամեն մեկը պետք է պատասխան տա իր խոսքերի համար»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում