Արցախցիները դժգոհություն են արտահայտել Աննա Հակոբյանից. Արցախի պատգամավոր

Արցախցիները դժգոհություն են արտահայտել Աննա Հակոբյանից. Արցախի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Պլանավորված էր, որ դեկտեմբերի 31-ին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում տոնական միջոցառում է կազմակերպելու, սակայն կանայք և հասարակության այլ անդամներ իրենց դժգոհությունն են արտահայտել, որից հետո «Նադեժդա» հանդիսությունների սրահի տնօրինությունը ասել է՝ երաժշտություն չի հնչելու, ճաշացանկից կբացառեն նաև խորովածը, սակայն սնունդ կտրամադրվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ սրահի տնօրինության հետ ճշտել են, թե արդյո՞ք մյուս տարի շարունակելու են «Իմ քայլ»-ի հետ պայմանագիրը երկարացնել, տնօրինությունը տեղեկացրել է, որ հունվարից 1-ից հետո պայմանագիրը չեն երկարացնելու:

«Արցախում ընդունված է, որ խորոված դնում են տոնական սեղանին, անցյալ տարիներին Արցախում բոլորը պարտադիր խորոված էին պարտաստում, սակայն այս տարի այդ ավանդույթը չի լինելու: Դա սնունդի հարց էր և կարելի էր PR չանել և իրենց ցուցանակը չդնել մուտքի դռան մոտ, քանի որ կերակրում էին այն մարդկանց, ովքեր խնդիր ունեին կերակուր ստանալու, իրենք նույնիսկ այդ պարագայում իրենց PR անելու հնարավորությունը օգտագործեցին, այդ պատճառով հասարակությունը դա չընդունեց: Հունվարի 1-ից հետո էլ սննդի հարցը կլուծվի, բայց ոչ «Իմ քայլ»-ի կողմից»,– ասաց պատգամավորը:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ պատերազմից հետո նույն սրահում արցախցիներին անվճար հաց է տրամադրվում, մասնակցում են տարհանված և հյուրանոցներում կամ խնամքի կենտրոններում բնակվող բնակիչները, սակայն, իր խոսքով՝ այլ վայրերում ևս խոհանոցներ կան և կարող են մարդկանց իրենց բնակության վայրերում սնունդ տրամադրել: «Չեմ կարծում, թե նորմալ է, որ մարդիկ ճանապարհ կտրեն, գան այդտեղ սնվելու, ավելի նպատակահարմար է, որտեղ մարդիկ մնան իրենց տարածքում և այնտեղ էլ իրենց կերակուր տրամադրեն, հուսանք, որ կդադարի ու այլ կերպ կկազմակերպվի: Պետք է ներկայիս իշխանությունները հասկանան, որ յուրաքանչյուր արցախցու հայացքը Մայր Հայաստանն է, բայց այստեղ հիմա որբի զգացողություն կա, կարծես հայտնվել է խորթ ծնող՝ ներկայիս Հայաստանի իշխանության դեմքով, իհարկե, դա չի էլ լինելու, թող իրենք այդ առումով հույս չունենան: Արցախցին համբերատար սպասում է, որ ժողովուրդը հասկանա՝ 5000-ից ավել զոհերը և տարածքների կտոր-կտոր հանձման միակ պատասանատուն Հայաստանի ներկայիս իշխանություններն են»,– նշեց Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում