Ադրբեջանն ստացել է ավելին, քան իր առջև խնդիր էր դրել, սակայն եղածով չի բավարարվելու. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ստացել է ավելին, քան իր առջև խնդիր էր դրել, սակայն եղածով չի բավարարվելու. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր վտանգված է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և առհասարակ հայի գոյությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով անվտանգային հարցերին:

«Եթե որևէ մեկին թվում է, որ այս թվացյալ խաղաղությունը պահպանվելու է և մեր անվտանգությունը ապահովելու երաշխիք է ստեղծում, ապա չարաչար սխալվում է։ Ադրբեջանը շարունակում է տարածքային նոր պահանջներ առաջ քաշել, ինչն արդեն իսկ խոսում է իրավիճակի բոլոր սպառնալիքների մասին, առ այս պահը դեռ հայտնի չէ, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ դրանից բխող բանավոր, գաղտնի պայմանավորվածությամբ, լրացուցիչ ինչ զիջումներ և կորուստներ են ունենալու Հայաստանն ու Արցախը, իսկ իրադրությունը հենց միայն անորոշությամբ պայմանավորված մեզ անվտանգության առումով առավել խոցելի է դարձնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա նա նշեց, որ Արցախի կարգավիճակի հարցը մնում է օդում կախված վիճակում՝ դրանից բխող բոլոր վտանգներով։

«Արցախի սահմանադրությամբ սահմանված շրջանների մի մեծ հատված այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ է, ստորագրվել է ողբերգական փաստաթուղթ, սակայն մեզ համար կարևորագույն դրույթը դրանում որևէ ձևով սահմանում չի ստացել։ Երկար տարիներ Արցախի կարգավիճակի հարցը՝ որպես բանակցությունների առանցքային դրույթ, եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն, սակայն 2018 թվականից հետո ոչ միայն այդ հարցը, այլ առհասարակ մի շարք այլ առաջնահերթություններ փոփոխությունների են ենթարկվել, իսկ դրա արդյունքը վատ առումով արդեն տեսանելի է»,– ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը նաև նշեց, որ դեռ պարզ չէ, թե առաջիկայում բանակցություններն ինչ հունով կամ ինչ ձևաչափով կընթանան, սակայն կարգավիճակի հետ կապված հարցը պետք է մեզ համար լինի սկզբունքային, հակառակ դեպքում որևէ այլ լուծման պարագայում դժվար է երկարաժամկետ կայունություն և խաղաղություն ակնկալել։

«Ադրբեջանն ստացել է ավելին, քան իր առջև խնդիր էր դրել, սակայն եղածով չի բավարարվելու և փորձելու է ստանալ առավելագույնը, իսկ դա միայն Արցախով չի սահմանափակվում։ Դա է պատճառը, որ օգտվելով ստեղծված իրադրությունից, փորձում է բառիս բուն իմաստով պոկել ամեն ինչ։ Մեզանից է կախված, թե էլ ինչ նորանոր պահանջներ կդրվեն մեր առաջ և ստեղծված պայմաններում մեր պայքար, ինչ տրամաբանության մեջ կլինի»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Արցախում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ՝ կառավարման համակարգից մինչև սոցիալական-տնտեսական քաղաքականություն։ «Այսօր բոլոր ունակ ուժերին, գործիչներին համախմբելու և եղած սուղ պոտենցիալը, ռեսուրսներն ի շահ Արցախի և արցախցու գործածելու խնդիր կա։ Պետք է գործել շատ արագ, որովհետև հապաղելու ժամանակ այլևս չունենք՝ անձնական ամբիցիաները, անձնական շահը պետք է մի կողմ դնել՝ առաջնորդվել բացառապես ազգային, պետական շահերով»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում