Նիկոլ Փաշինյանի ձեռքը մնացել է օդում՝ քաղաքական որևէ ուժ չի պատրաստվում սեղմել այն

Նիկոլ Փաշինյանի ձեռքը մնացել է օդում՝ քաղաքական որևէ ուժ չի պատրաստվում սեղմել այն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Մեր նորանկախ պատմության մեջ ամենաողբերգական տարին էր, եթե չհաշվենք 88 թվականին տեղի ունեցած երկրաշարժը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով քաղաքական տարին՝ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Մինչ այժմ շարունակվում է այդ ողբերգությունը մեր ազգի, պետության համար: Կայունությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպես կգործի Հայաստանի իրավապահ համակարգը, ցանկացած իրավիճակում ներքին քաղաքական հակասությունների, կոնֆլիկտների հանգուցալուծումը քաղաքակիրթ պետություններում իրականացվում է բացառապես իրավական ճանապարհով, դրա համար իրավական համակարգը պետք է իրեն վեր դնի քաղաքական գործընթացներից և իրավական լուծում տա»,- ասաց նա:

Արթուր Ղազինյանը նշեց, որ հակառակ դեպքում օրեցօր կխորանա այս ճգնաժամը և կունենա լուրջ միտումներ անցնելու ներքին հասարակական և քաղաքական կոնֆլիկտների։ Այդուամենայնիվ, նա հույս հայտնեց, որ իրավապահ համակարգը կգտնվի իր բարձրության վրա և կտա իրավական հանգուցալուծում, որից հետո հնարավորությունների մեծ պատուհան կբացվի, որով կկարողանանք վերականգնել պետականության կոտրված ողնաշարը:

«Շատ լայն բախումների հավանականություն ես չեմ տեսնում, և թեև հակամարտող, պետականության համար պայքար մղողների և Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջև տրամադրությունները, թեև գտնվում են ծայրահեղ բևեռներում, բայց ես վստահ եմ, որ մեր ազգի մեջ կգտնվի այդքան ողջախոհություն` շատ մեծ բախումների չգնալու համար։ Այսինքն՝ կան բոլոր հիմքերը պնդելու, որ դա կլինի, բայց հաշվի առնելով մեր ժողովրդի առանձնահատկությունը, որ վերջին 30 տարվա ընթացքում կարողացանք խուսափել քաղաքացիական պատերազմից, ես վստահ եմ, որ այս անգամ ևս կկարողանանք խուսափել»,– ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական ուժերի համախմբվածությանը Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Արթուր Ղազինյանը նկատեց. «Դավաճան Նիկոլ Փաշինյանի ձեռքը մնացել է օդում, այսինքն՝ որևէ քաղաքական ուժ այս պահին չի պատրաստվում սեղմել այդ ձեռքը, այսինքն` լրացնել իր իշխանության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգը, սա կարծես մերժվել է քաղաքական ուժերի կողմերից: Հետևաբար՝ ամբողջ քաղաքական, հասարակական դաշտը գտնվում է մի կողմում, իսկ Նիկոլ Փաշինյանը իր դավաճանական խմբակի հետ՝ մյուս կողմում, այստեղ կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է քաղաքական մենակության և մեկուսացման մեջ»:

Արթուր Ղազինյանը վստահություն հայտնեց, որ քաղաքական ուժերին կհաջողվի հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: «Այս պայմաններում իշխանություն պահել` ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ, որքան կդիմանա այդ պնդերեսության, անինքնասիրության մեջ Նիկոլ Փաշինյանը, դա կախված կլինի նաև ճնշումից, և հունվարի 6-ից հետո նոր որակի ճնշում կլինի»,- ասաց նա և նշեց, որ յուրաքանչյուր օր կորցնում ենք ինչ-որ նոր բան ստեղծելու հնարավորություն և դա բացառապես մի մարդու մեղքով, իսկ այդ մեկ մարդը բոլորը գիտեն, թե ով է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում