Times.am-ը նորից շարք է վերադառնում

Times.am-ը նորից շարք է վերադառնում

Պետք է հենց սկզբից խոստովանեմ՝ վերջին շրջանում այդքան էլ ուշադիր չեմ եղել Times.am-ի գործունեությանը։ Շատ բան էի ինքնահոսի թողել՝ ջանքերս առավելապես կենտրոնացնելով իմ աշխատանքի այլ ուղղությունների վրա։ Ինչու՞ է այդպես ստացվել՝ անկեղծ ասած դժվարանում եմ հստակ պատասխանել։ Պատճառները, թերևս, մի քանիսն են։ Նախ, որովհետև ինչ-որ պահից տեսել ու հասկացել եմ, որ մեր խմբագրության մոտեցումներն ու լայն լսարանի ճաշակը միմյանց համահունչ չեն։ Մենք չցանկացանք գնալ այն ուղով, որը պետք է Հայաստանում գործող մի քանի տասնյակ լրատվական կայքերի շարքում մրցակցային դիրք ապահովեր Times.am-ի համար։ Մերժեցինք սենսացիոն, չստուգված, առավել ևս՝ իրականությունը խեղաթյուրող նյութերը։ Չվազեցինք Քիմ Քարդաշյանի «բարեմասնությունների» ետևից, անտեսեցինք տարատեսակ հայտնիների «մտքի գոհարները» ու… անհետաքրքիր դարձանք համացանցի օգտատերերի բացարձակ մեծամասնության համար։ Սա, իհարկե, գիտակցված ընտրություն էր։ Ես հաճախ եմ կրկնում, որ ավելի լավ է կայքն ընդհանրապես չլիինի, քան լինի այնպիսին, ինչպիսին է մեր լրատվականների բացարձակ մեծամասնությունը։ Հիմա էլ նույն կարծիքին եմ։

Բայց ընդունված «բարքերի» դեմ փաստացի այդ բոյկոտի հետևանքով մենք մեծ բացթողում ունեցանք՝ կայքում սկսեցինք քիչ ուշադրություն դարձնել նաև այն թեմաներին, որոնք կարևոր են մեր գիտակից ընթերցողի համար։ Սա, իհարկե, անթույլատրելի սխալ էր, որի համար անկեղծ զղջում եմ։

Հիմա եկել է սխալներն ուղղելու ժամանակը։ Բոլոր առումներով։ Այլընտրանք չունենք. տեղեկատվական այս ճակատում էլ ենք մենք ջախջախիչ պարտություն կրել և այստեղ էլ լուրջ կռիվ ունենք տալու։ Սա ասում եմ առանց որևէ չափազանցության և ամենայն պատասխանատվությամբ։

Հետևաբար… Times.am-ը նորից շարք է վերադառնում։ Մեր համեստ կարողություններով հետևելու ենք Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների կարևոր իրադարձություններին, ուշադրության կենտրոնում պահելու անվտանգային հարցերը, փորձելու առավելագույնս հանդես գալ վերլուծական հոդվածներով ու մեկնաբանություններով։ Իհարկե, մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև ներհայաստանյան և ներհայկական զարգացումներին։ Ձեզ ենք ներկայացնելու մեր ժողովրդի լավագույն զավակների, տարբեր ոլորտների առաջատար մասնագետների, հասարակական ու քաղաքական գործիչների կարծիքները, գնահատականներն ու մտորումները։ Վստահ եմ՝ ամեն բան լավ է լինելու։

Եվ ուրեմն, ի գործ, սիրելի հայրենակիցներ։ Եվ թող Աստված օրհնի ձեզ ու մեր Հայաստան աշխարհը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում