Ակցիաներն ուղեկցվեցին ոստիկանների կոպիտ միջամտությամբ. Ա. Իշխանյան

Ակցիաներն ուղեկցվեցին ոստիկանների կոպիտ միջամտությամբ. Ա. Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԵթե ամփոփեմ 2020 թվականի իրավական իրադարձությունները, ապա այն կարող ենք բաժանել չորս մասի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով ՝առաջին փուլը մինչև համավարակի պատճառով արտակարգ դրություն հայտարարելն էր, որը շարունակությունն էր 2019 թվականի: «Այս փուլի հիմնական ուղղությունն էր Սահմանադրական դատարանի քանդումը՝ հակասահմանադրական և հակաօրինական ճանապարհով: Վաղաժամ թոշակի գնալու գայթակղությանը չգնացին ՍԴ անդամները և որոշեցին հարցը հանրաքվեով լուծել: Սա կարող ենք առաջին փուլը համարել, որն ուղղորդվում էր սարքովի քրեական գործերով»,- նշեց նա:

Ըստ իրավապաշտպանի՝ երկրորդ փուլի սկիզբն այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը և երկրում հայտարարվեց արտակարգ դրություն: «Համավարակի ժամանակ մարդու իրավունքների սահմանափակումների վերաբերյալ կարելի է ասել, որ անհամաչափ էին: Խոսքի ազատությունը և հավաքների ազատությունը անհամաչափորերեն սահմանափակվեց: Համավարակն իշխանություններն օգտագործեցին մարդու իրավունքների սահմանափակման և քաղաքական հետապնդումների համար, կարծեք թե դա նվեր լիներ: Միջազգային և Հայաստանի օրենքերով հավաք համարվում է մեկից ավելի մարդկանց ակցիաները, բայց երբ մեկ հոգով ակցիա էին անում, նրանց կրկին բերման էին ենթարկում: Օրինակ՝ Ռուբեն Մելիքյանի դեպքը: Զարմանալի էր, թե ինչ իմաստ ուներ խոսքի ազատության սահմանափակումը»,– ասաց նա:

Ավետիք Իշխանյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ իշխանություններն օգտվել են համավարակի առակայությունից և վիճահարույց օրենքներ են ընդունել, որոնց նախագծերը հանրային քննարկման չեն դրվել: Հիշեցնենք, որ այդ ընթացքում ԱԺ-ն հավանության արժանացրեց կառավարության՝ բանկային գաղտնիքի մասին օրենքի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի, հարկային օրենսգրքի ներկայացրած փոփոխությունների նախագծերը:

«Սրան հաջորդեց արտակարգ դրությունն՝ առաջին հայացքից, մեղմացնող թվացող որոշումը, որի ընթացքում կարելի էր մասնակի հավաքներ անել, բայց դրան էլ հաջորդեց պատերազմը: Պատերազմի ժամանակ ռազմական դրություն հայտարարվեց, որով վերջանականապես սահմանափակվեց ամեն ինչ՝ խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, իսկ հանրությանը մատուցվեց ամբողջությամբ կեղծիք պատերազմի մասին: Ունեցանք այս խայտառակ պատերազմը, որի մասին բազմաթիվ կասկածներ կան, թե ինչպես դա տեղի ունեցավ»,-հավելեց նա:

Ավետիք Իշխանյանը չորրորդ փուլը համարում է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի կողմից եռակողմ հրադադարի փաստաթղթի ստորագրմանը հաջորդող շրջանը:

«Հետկապիտուլյացիոն շրջանն աչքի է ընկնում ռազամականացված իրավապահ մարմինների վարվելակերպով: Կապիտուլյացիայից հետո պարտության պատասխանատուն պետք է հրաժարական տար, եթե ինքնասպան չէր լինելու: Այս բողոքի ակցիաները սկսեցին ուղեկցվել ոստիկանության կոպիտ միջամտությամբ և ես ասել եմ, որ Հայաստանի պատմության մեջ խաղաղ հավաքների ժամանակ այսպես պարբերաբար բռնությունների չեն ենթարկվել, դեպքեր եղել են: Երևանով շրջելիս տպավորություն է ստեղծվում, որ Երևանն օկուպացված է ոստիկանական ուժերի կողմից»:

Ավետիք Իշխանյանը նկատեց` ոստիկանությունը, ԱԱԾ-ն և մյուս իրավապահ կառույցները Փաշինյանի քաղաքական պատվերներն են կատարում: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է դատավորներին ճնշել, որ իրեն ենթարկվեն:

Հարցին՝ ինչպես է մեկնաբանում, որ պատերազմի հրադադարի կնքումից երկու ամիս անց էլ դեռ պահպանվում է ռազմական դրությունը, Ավետիք Իշխանյանն ասաց. «Ռազմական դրությունը պահպանվում է մի նպատակով՝ իշխանությունը պահելու, ռեպրեսիաներ իրականացնելու և արդարացնելու այդ ռեպրեսիաների իրականացումը: Հիշեցնեմ՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական դրություն և խոսքի ազատության սահմանափակում չկար և մենք հաղթեցինք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում