Ո՞ր դեպքում Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը

Ո՞ր դեպքում Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրն առանց վարանելու կվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը որոշի կատարել իր պարտավորությունները, հաղորդում է Iran Press-ը։

Երկրի կառավարության ամենշաբաթյա նիստում Ռոհանին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին, կառավարությունը կարողացել է երկիրն արդյունավետորեն կառավարել։

«Չնայած պատժամիջոցներին, պատերազմին և COVID-ի բռնկմանը, մենք տնտեսական աճ ենք նկատում»,- ասել է նա։

Ռոհանին նաև նշել է, որ «եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմն ապաշխարի, հետևի օրենքի գերակայությանը և կատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորությունները, իսկ եթե ոչ, ապա Իրանը չի խոնարհվի»։

Ավելի վաղ Բայդենը New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել էր ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափ վերադարձնելու և այդ հարցի շուրջ Թեհրանի հետ հետագա բանակցություններ վարելու մտադրության մասին։

2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:

Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում