Հայաստանին Իրանից կտրելու ծրագիրը բնականաբար պանթյուրքական գաղափարախոսության համատեքստում կա. Ոսկանյան

Հայաստանին Իրանից կտրելու ծրագիրը բնականաբար պանթյուրքական գաղափարախոսության համատեքստում կա. Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Եթե մենք փորձենք գնահատել հայ-իրանական հարաբերությունները, այս նոր զարգացումների ֆոնին, ապա վստահ կարող ենք ասել, որ այդ զարգացումները հօգուտ մեր պետության չեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մենք ունենք երկու հիմնական խնդիր․ առաջին խնդիրը Մեղրիի տարածաշրջանով, Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովման հարցն է, որն արձանագրվել է տխրահռչակ արձանագրության մեջ և որի շուրջ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ունեն հեռուն գնացող ծրագրեր․ խոսքը պանթյուրքական ծրագրերի մասին է, ըստ էության՝ Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային միացմանը և Թուրքիայի՝ մերձկասպյան տարածաշրջանում հայտնվելուն և նաև Կենտրոնական Ասիա հասնելուն։

Երկրորդ չափազանց կարևոր անվտանգային մարտահրավերը Հայաստան-Իրան սահմանի Սյունիքի հատվածի անվտանգության խնդիրներն են, որոնք առաջացել են անմիտ գործողություններով, ինչի արդյունքում վտանգվել է ոչ միայն Սյունիքի կապը ՀՀ մնացյալ հատվածների հետ, այլ նաև վտանգվել են կարևորագույն, կենսական նշանակության ցամաքային հաղորդակցությունը ՀՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև»,- ասաց իրանագետը։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ այս հիմնական երկու մարտահրավերներն են, որոնց վերաբերյալ, ցավոք սրտի, բացատրություններ, մեկնաբանություններ, լրջամիտ մոտեցումներ առայժմ մենք չենք տեսել։

«Հայաստանին Իրանից կտրելու ծրագիրը բնականաբար պանթյուրքական գաղափարախոսության համատեքստում կա և այդ գաղափարախոսությունը արդիական է։ Թուրքիայի նախագահ Էրդողանի խորհրդականը հայտարարեց, որ Մեղրիի տարածաշրջանը, Նախիջևանի և մնացյալ Ադրբեջանի միջև կապի ապահովումը նույնքան կարևոր է, որքան, իրենց եզրաբանությամբ՝ Արցախի «ազատագրումը», ինչը մեր եզրաբանությամբ օկուպացիա է։ Այսինքն՝ առնվազն թուրքական կողմից այդ միջանցք կոչեցյալի խնդիրը նույնքան կարևորվում է, որքան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից»,- ասաց իրանագետը։

Նրա խոսքով, այս խնդիրը չի կարող և չպետք է դուրս մնա մեր ուշադրությունից, այսստեղ կան տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունների շահերի բախումներ։

«Խոսքը, նախ և առաջ, Ռուսաստանի մասին է, որը, բնականաբար, ամենևին խանդավառված չէ այն հանգամանքով, որ Թուրքիան ցամաքային կապի միջոցով կարող է հայտնվել Կասպյան տարածաշրջանում և ունենալ ավելի հեռուն գնացող ծրագրեր՝ Կենտրոնական Ասիայի հետ կապված։ Էրդողանի «ճառը» Բաքվում դրա խոսուն վկայություններից մեկն էր, երբ Էնվերի անվան հիշատակումով նա ոչ միայն վիրավորում էր մեր արժանապատվությունը, այլև ուղղակի ուղերձ էր հղում Ռուսաստանին, առ այն, որ Թուրքիան հայտնվելու է Կենտրոնական Ասիայում, որովհետև Էնվերը Կենտրոնական Ասիայում կռվում էր հենց Ռուսաստանի դեմ»,- ասաց իրանագետը։

Ոսկանյանի խոսքով՝ մյուս կողմից բնական է, որ Իրանում շատ լուրջ անհանգստություններ կան կապված այս խնդիրների հետ, և այդ անհանգստություններն արտահայտվում են հատկապես վերլուծական շրջանակներում ընթացող քննարկումներում։

«Այդ քննարկումների արդյունքում իրանցիները դիվանագիտական նրբանկատությամբ փորձում են տապալել Մեղրիի միջանցք կոչվող ծրագիրը՝ առաջարկելով մեկ այլ միջանցք, որն Իրանը կկապի Հայաստանին մոտավորապես Ագարակի հատվածով, այսինքն այն հատվածում, որտեղ խաչվում են Իրանի, Նախիջանի և Թուրքիայի սահմանները, հետևաբար այս խնդիրն անհանգստացնում է ոչ միայն Հայաստանի հանրությանը, ես չեմ խոսում պետության մասին, որովհետև ցավոք սրտի, մեր պետական ինստիտուտները Հայաստանում պոպուլիզմի արդյունքում դադարել են լրջմիտ մոտեցումներ ի ցույց դնել, ես խոսում եմ տարածաշրջանի այլ երկրների, մեր դաշնակիցների և բարեկամների՝ Ռուսստանի և Իրանի մասին»,– ասաց իրանագետը։

Նա նաև նշեց, որ Իրանն այժմ գտնվում է չափազանց վատ իրավիճակում, իրանա-ամերիկյան հարաբերությունների պարբերաբար լարման պայաններում և պատժամիջոցների խստագույն ռեժիմի տակ, որը բերում է Իրանական տնտեսության վրա բացասական լուրջ ազդեդություններ։

«Իրանական կողմը փորձում է իր շահերն առաջ տանել տարբեր շահեր հավասարակշռելով։ Ակնհայտ է, որ իրանական կողմը լավագույն պայմաններում գտնվելու դեպքում կունենա շատ ավելի հակաթուրքական դիրքորոշում, շատ ավելի հակաադրբեջանական դիրքորոշում, բայց առկա պայմանները ստիպում են իրանցիներին որոշ դեպքերում խուսանավել՝ հաշվի առնելով Թուրքիայի նշանակությունը Իրանի համար՝ պատժամիջոցային ռեժիմը որոշակի շրջանցելու առումով, կամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը ներգավված է Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում՝ զանազան գործընթացների մեջ»,- ասաց Վարդան Ոսկանյանը։

Իրանագետն ասաց, որ Իրանի ցանկությունն է իր սահմանների երկայնքով ունենալ հնարավորին կայուն իրավիճակ, բայց մյուս կողմից էլ նոր մարտահրավերներ են ի հայտ եկել Իրանի համար։

«Որևէ մեկը չգիտի՝ արդյոք այն ահաբեկիչները, որոնք որ բերվել էին Ադրբեջան Արցախյան պատերազմին մասնակցելու համար, այժմ գտնվո՞ւմ են Ադրբեջանում, թե՞ դուրս են բերվել։ Եթե նրանք գտնվում են Ադրբեջանում, ապա Իրանի հյուսիսային սահմանները լրջագույն ռիսկային իրավիճակում են, և դա վերաբերում է ոչ միայն Իրանին, այլև Ռուսաստանին, որովետև թուրքական ահաբեկիչները վտանգ են ներկայացնում տարածաշրջանում թե՛ Հայաստանի, Ռուսաստանի, թե՛ Իրանի համար։ Այսինքն՝ նոր մարտահրավերները ստեղծվել են թե՛ ահաբեկիչների տեսքով, թե՛ այդ հաղորդակցության ուղիներ կոչվող անհասկանալի և հեղհեղուկ բնորոշումներ տեսքով»,- ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով, իրանական կողմը փորձում է պահպանել հավասարակշռված հարաբերությունները խաղացողների հետ, իսկ այդ խաղացողներից որոշների՝ օրինակ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում ամրապնդրվել են, չնայած խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում