Ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջանում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել. Արսեն Բաբայան (տեսանյութ)

Ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջանում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել. Արսեն Բաբայան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԵրկու տարուց ավել այս իշխանությունը ասում էր` բանակցում ենք՝ ինչ ուզում ենք, ու մեզ չհարցնենք, թե ինչ ենք բանակցում: Մենք տեսանք, թե ինչ են բանակցել, և այդ բանակցությունների հետևանքներն ինչ ավարտ ունեցան, հիմա հստակ է՝ հունվարի 11-ին նա գնում է կա՛մ ինչ-որ բան բանակցելու, կա՛մ ստորագրելու: Այս մասին այսօր Արդարադատության նախարարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները և իրավապաշտպանները բողոքի ակցիա են անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը:

«Այս պահին մեզ համար ամենաանվստահելի աղբյուրները պետական աղբյուրներն են, սա թողնենք մի կողմ: Իշխանությունը պարտավոր է մեզ տեղեկացնել, թե ինչի շուրջ են լինելու այդ բանակցությունները, կամ ինչ փաստաթուղթ են ստորագրելու: Շարունակում են գաղտնի պահել, և ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջացնում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել, որովհետև ձեռագիրը նույնն է, և հետևանքը կլինի նույնը»,– ասաց նա:

Բաբայանը նշեց, որ ակնկալում են Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ հանդիպում, որի ժամանակ էլ կհնչեցնեն իրենց հուզող հարցերը, քանի որ ֆեյսբուքյան որևէ գրառում փաստացի պարզաբանում չէ:

«Այդ փաստաթուղթը պետք է ՍԴ-ով անցնի, ԱԺ-ի կողմից վավերացվի, հետևաբար, եթե նման փաստաթուղթ կա, դրան ծանոթանալուց հետո կհասկանանք, թե ՀՀ որ սահմաններն են հանձնվելու, կամ արդյոք չի պատրաստվում հանձնել: Շարունակվում է այն մոտեցումը, թե «ինչ ուզում ենք, բանակցում ենք»»,- շեշտեց Բաբայանը:

Ըստ նրա՝ եթե կասկածները ամրապնդվեն, հանրությունը շարունակելու է պահանջել այս իշխանության հրաժարականը, կարթնանան նաև այն մարդիկ, որոնք չէին ուզում հավատալ այս իշխանության կողմից տարածքներ հանձնելուն: Վերջինս շեշտեց, որ բոլորը պետք է դուրս գան ու պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում