Զոհված եղբոր մասին բանաստեղծություն, հեկեկոց ու ցավ. Արցախի Խնապատի դպրոցում խինդը վերածվել է լացի (տեսանյութ)

Զոհված եղբոր մասին բանաստեղծություն, հեկեկոց ու ցավ. Արցախի Խնապատի դպրոցում խինդը վերածվել է լացի (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱրցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղը 44-օրյա պատերազմից հետո դարձել է սահմանամերձ, գյուղի դպրոցը, որը կոչվել է արցախյան ազատամարտին զոհված Արթուր Հայրապետյանի անունով, շրջապատված է թշնամու դիրքերով։

Փոխտնօրեն Անահիտ Առուստամյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմի սկսվելուն պես հավաքվել են դպրոցի ապաստարանում, երբ զգացել են վտանգը, հեռացել են համայնքից, հիմա գրեթե բոլորը վերադարձել են։

Նա ասաց,որ գյուղի երեք բնակիչ է զոհվել, որից երկուսը` դպրոցի շրջանավարտ, բազմաթիվ վիրավորներ կան, այդ թվում տնօրենի որդին։ Ինչ վերաբերում է դպրոցի առօրյային, ապա մանկավարժը նշեց` այլևս նախկինը չէ. «Զոհերի թվերն ավելացել են, հաղթանակների օրերը նվազել»։

Հինգերորդ դասարանում «Մայրենի լեզու» դասավանդող Անահիտ Գասպարյանն էլ ասաց, որ նույն ոգևորությամբ է դաս պատմում. «Հետաքրքիր էր, հանձնարարություն էի տվել, թե ինչ ցանկություն կունենային, եթե ոսկե ձկնիկ բռնեին, բոլոր երեխաներն առաջնահերթ նշել էին Արցախի հողերի վերադարձ։ Բոլոր աշակերտների առաջին ցանկությունն այն է, որ Արցախ աշխարհի բոլոր հողերը վերադարձնեն: Դասավանդում եմ, որ չհուսահատվեն, աղոթեն, որովհետև սա դեռ վերջնական չէ»,– ասաց նա։

Դասարանում գերազանցիկ աշակերտներից Իլոնան իր զոհված եղբոր՝ Սարմենի մասին բանաստեղծություն է գրել, սակայն արտասանել չկարողացավ։

Մանրամասները` տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում