ՌԴ օդուժը կանխել է ԻՊ-ի գրոհը Սիրիայի Համա նահանգի ուղղությամբ

ՌԴ օդուժը կանխել է ԻՊ-ի գրոհը Սիրիայի Համա նահանգի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն անցած գիշեր նոր հարձակում է սկսել Սիրիայի արաբական բանակի դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Հարձակումը սկսվել է անսպասելի՝ Սիրիայի Համա նահանգի արևելյան շրջանում գտնվող ալ-Սալամիյա շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ, ինչը նպաստել է ԻՊ զորքերի ժամանակավոր առաջխաղացմանը, սակայն Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը հակահարվածի են անցել:

Համայի տեղական աղբյուրի համաձայն՝ ՌԴ օդատիեզերական ուժերը մեծ վնասներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման ուժերին՝ ճանապարհ բացելով Սիրիայի արաբական բանակի համար՝ կանխելու ահաբեկչական խմբավորման առաջխաղացումը:

Չնայած զոհերի և վիրավորների ընդհանուր թիվն անհայտ է, համաձայն աղբյուրի հաղորդած տեղեկությունների, ռուսական ավիահարվածներն իրենց հզորությամբ հսկայական առավելություն են տվել Սիրիայի արաբական բանակին:

Սա այս տարվա առաջին խոշոր հարձակումն է Համայի ուղղությամբ, նշում է լրատվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում