Իրանցիները փորձում են կանխել Մեղրիի հատվածով ընթացող գործընթացները. իրանագետ

Իրանցիները փորձում են կանխել Մեղրիի հատվածով ընթացող գործընթացները. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԻրանում ընթացող զորավարժություններն ունեն երկու բաղադրիչ՝ նախ փորձարկել իրանական արտադրության զենքը և զինամթերքը, և քաղաքական, քարոզչական ու հոգեբանական տիրույթում ուղերձներ հղել Իրանի հանդեպ թշնամական տրամադրություններ ունեցող տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ակնհայտ է, որ իրանցիները զորավարժությունների միջոցով փորձարկում են իրենց ռազմատեխնիկան, նրանք բավականին առաջ են գնացել ռազմարդյունաբերական ոլորտում, խոսքը վերաբերում է ԱԹՍ-ներին, հրթիռային համակարգերին, նաև ծովային սպառազինությանը: Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի հեռացող նախագահը որոշակի գործողություններ է ձեռնարկում իրանական կողմի վրա՝ թե քարոզչական և, թե ռազմական ներկայության առումով՝ Պարսից Ծոցի տարածաշրջանում ճնշում գործադրելու տեսանկյունից, ուստի այս կերպ իրանցիները պատասխան քայլեր են ձեռնարկում նաև իրենց հակառակորդներին հնարավոր բախման դեպքում ռազմական պոտենցիալը ցուցադրելու ուղղությամբ՝ դրանով իսկ փորձելով կանխել ռազմական բախումը»:

Իրանագետը նշեց, որ իրանցիները միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներ ունեն, իսկ այդ խնդիրները առաջացել են ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո: Նրա կարծիքով՝ նրանք որոշակի ակնկալիքներ ունեն, որ ԱՄՆ-ի հաջորդ վարչակարգը ավելի մեղմ դիրքորոշումներ կունենա և կգնա միջուկային համաձայնագրի վերադարձի ճանապարհով, ուստի այդ իմաստով իրանցիները թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ տարածաշրջանում ամրապնդելու են իրենց դիվանագիտական դիրքերը:

Խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետևանքով Սյունիքում սպասվող փոփոխությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ վերլուծական և փորձագիտական դաշտում ակնհայտ է, որ իրանական կողմը այդ խնդիրներով անհանգստացած է:

Նա նշեց՝ իրանցիները խնդրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու և իրենց գործողությունները ծրագրելու համար կարծես թե աշխատում են ռուսական կողմի հետ:

Ոսկանյանի մեկնաբանմամբ՝ իրանցիները Հայաստանը դիտարկում են դեպի հյուսիս՝ սևծովյան տարածաշրջան՝ իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող ելքի կարևորագույն այլընտրանք ադրբեջանա-թուրքական ճանապարհներին, ուստի այս առումով տարաշրջանը և հայ-իրանական սահմանը չափազանց կաևոր են իրանական պետության շահերը առաջ տանելու և անվտանգությունը ապահովվելու տեսանկյունից:

«Այս խնդիրը իրանցիների համար մեծ կարևորություն ունի: Մյուս կողմից իրանցիները փորձում են կանխել Մեղրիի հատվածով ընթացող գործընթացները, որոնք չեն բխում Իրանի շահերից և կարող են վտանգել Իրանի այլընտրանքային ելքը Հայաստանի տարածքով դեպի սևծովյան տարածաշրջան, առայժմ վերլուծական շրջանակներում քննարկում են այլ միջանցքի հնարավորության մասին, խոսքը վերաբերում է Նախիջևանի ինքնավար Հանրապետության հյուսիսային հատվածից դեպի Հայաստան ելքը ապահովող միջանցքին, որը պետք է լինի մոտավորապես Սադարակի շրջանի Նախիջևանի Հանրապետության այն կետում, որտեղ հատվում են Իրանի, Թուրքիայի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության սահմանները: Փորձ են կատարում այլընտրանքային նման ուղի առաջ տանել, բայց դա առայժմ արվում է փորձագիտական մակարդակում»,-մեկնաբանեց նա:

Ոսկանյանը հավելեց, որ տնտեսական խնդիրների հետ կախված Հայաստանի հետ քննարկումներ են ընթանում, նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարարների միջև:

«Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների որդեգրած կարճամիտ և դավաճանական քաղաքականության արդյունքում սուբյեկտայնությունը նվազել է, ինչը բերել է նրան, որ միջազգային գործընկերները Հայաստանի հետ առնչվող խնդիրները քննարկեն ոչ թե մեր պետության հետ, այլ երրորդ կողմի հետ, ինչը մեղմ ասած ընդունելի երևույթ չէ»,- ավելացրեց Ոսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում