Արայիկի մտերիմ շրջապատից բացի՝ ոչ ոք պաշտոն չի ստանում, աշխատում են հին ձեռագրով. Դավիթ Գալստյան

Արայիկի մտերիմ շրջապատից բացի՝ ոչ ոք պաշտոն չի ստանում, աշխատում են հին ձեռագրով. Դավիթ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱրայիկ Հարությունյանն ասում է մի բան, անում է բոլորովին այլ բան, Արցախում ընթացող քաղաքական գործընթացները, կադրային նշանակումները մեզ հետ համաձայնեցված չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ՝ հավելելով, որ վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ թե՛ ԱՀ-ի և թե՛ ՀՀ-ի կառավարությունը պիտի փոխվի: Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանը՝ հակառակ իր խոստմանը, ամեն կերպ փորձում է պահել իշխանությունը:

«Բոլորիս մոտ ակնկալիք կար, որ պատերազմից հետո գոնե զերծ կմնան հին մեթոդներով գործելուց, նման «ունիվերսալ» մասնագետներ ստեղծելուց, մի պաշտոնից մի պաշտոնի տեղափոխելուց: Նրանք ժողովրդի համար ի զորու չեն լավ բան անել: Տեսնում ենք, որ մեկին հանում են նախարարի պաշտոնից, տանում են հատուկ հանձնարությունների գծով խորհրդական նշանակում, մյուսին հանում են, տանում այլ աշխատանքի: Ոչ մեկին այսօր տեղափոխություն կատարելիս չլսեցինք, որ ասեն՝ գործում թերացել է, ազատել են, փոխարենը շնորհակալություն են հայտնում, տանում այլ պաշտոնի»,- ասաց նա:

Դավիթ Գալստյանի խոսքով՝ ձախողված քաղաքական բանակցությունների տրամաբանությունը այն էր, որ ոչ թե մեկ անձը փոխարինի մյուսին, այլ նշանակվի գործից հասկացող մարդ, և պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի նախկիների աշխատանքին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Վիտալի Բալանյանն էլ պետք է ազդեցություն ունենար գործընթացների վրա, նույնիսկ հնչում էին տեսակետներ, որ փաստացի Վիտալի Բալասանյանն է ղեկավարելու, իսկ Վիտալի Բալասանյանն իրենց կուսակցության նախագահի թեկնածուն է եղել, Դավիթ Գալստյանն ասաց.

«Թող ժողովուրդը գնահատական տա, փաստացի Վիտալի Բալասանյանն է ղեկավարում, թե ոչ: Ինչպես տեսնում ենք, Արայիկի մտերիմ շրջապատից բացի՝ ուրիշ ոչ ոք պաշտոն չի ստանում, հին ձեռագրով են աշխատում, նշանակումներ են արվում, դրա մեջ ես չեմ տեսնում Վիտալի Բալասանյանի ձեռագիրը: Անվտանգության ոլորտի նշանակումներ դեռ չեն եղել՝ ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, լավ կլինի տեսնենք՝ ում են նշանակում, ինչ մոտեցումներ ու խնդիրներ են դրվում այդ համակարգի առջև: Մենակ ասելով՝ ոչինչ չի փոխվում: Այս ամենը մեր գլխին ջարդվեց նրա համար, որ այլ բան ասում էինք, այլ բան անում: Եթե նույն ձեռագրով շարունակեն, լավ բան չի սպասվում»,-ասաց նա:

Անդրադառնալով Վատիկանում ՀՀ-ի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որ Փաշինյանը 1.5 տարի առաջ Արայիկ Հարությունյանին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին, վերջինս Կամո Աղաջանյանի հետ միասին վաճառել են Ջաբրայիլում, Հադրութում և Ֆիզուլիում գտնվող իրենց բիզնեսները՝ Դավիթ Գալստյանն ասաց, որ ինքը այդ մասին հայտարարությունից է տեղեկացել.

«Մինչև իշխանությունները թե՛ ԱՀ-ում, թե՛ ՀՀ-ում չփոխվեն, ժողովուրդը չի կարող ճշմարտությունն իմանալ, այն անհասանելի են դարձնելու»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում