ԵՄ-ն Բայդենին կոչ է անում չլսել Թրամփին և հաշտություն կնքել Իրանի հետ. Независимая газета

ԵՄ-ն Բայդենին կոչ է անում չլսել Թրամփին և հաշտություն կնքել Իրանի հետ. Независимая газета

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի թղթակից Դանիլա Մոիսեևը վերլուծական հոդված է հրապարակել ԱՄՆ-Իրան հարաբերությունների, դրանում Եվրամիության մասնակցության և հարակից այլ թեմաների մասին:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.

«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել, որ Իրանը մտադիր է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 20%-ի և կոչ է արել պաշտոնական Թեհրանին փոխել իր որոշումը: Միևնույն ժամանակ նա նաև կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ապագա վարչակազմին Միացյալ Նահանգները վերադարձնել Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA), որից երկիրը միակողմանիորեն դուրս էր եկել երկու տարի առաջ՝ Թրամփի որոշմամբ: Թրամփը փորձում է կանխել այս ծրագրի իրագործումը՝ ձգտելով Դեմոկրատական կուսակցությանը զրկել երկրի երկարամյա թշնամիների, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունից:

Բորելի հայտարությունում նշվում է, որ իրանական Ֆորդոյի ստորգետնյա միջուկային կենտրոնում ուրանի հարստացման 20% գործընթացի մեկնարկը, որը ՄԱԳԱՏԷ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) հաստատել է հունվարի 4-ին, ԵՄ-ի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում:

«Իրանի կողմից այս գործողություններն անհամատեղելի են Ֆորդոյի միջուկային կենտրոնի վերաբերյալ JCPOA-ի դրույթների հետ և կարող են լուրջ հետևանքներ ունենալ միջուկային զենքի տարածման համար: Իրանին կոչ ենք անում զերծ մնալ հետագա սրացումներից և առանց հապաղման փոխել ներկայիս ուղղությունը», – ասված է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, Բորելը խոստացել է օգտագործել բոլոր դիվանագիտական ջանքերը, որպեսզի ոչ միայն Թեհրանին տանի «միջուկային գործարքի» կետերի իրագործմանը, այլև ԱՄՆ-ին վերադարձնի դրան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն JCPOA- ից դուրս է եկել 2018-ին՝ միաժամանակ վերականգնելով Իրանի դեմ ապատժամիջոցները: Բայդենը խոսել է Թրամփի այս որոշումը վերանայելու մտադրության մասին: Այս առնչությամբ Բորելը Սպիտակ տան ապագա ղեկավարին քաղաքավարի կերպով հիշեցրել է իր խոստումների մասին:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից JCPOA-ի վերաբերյալ դրական հայտարարությունները և անհամբեր սպասում ենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ համագործակցությանը», – ասված է հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը փորձում է հնարավորինս բարդացնել արտաքին քաղաքական փոփոխությունները: Օրինակ՝ վերջերս Կուբան դարձյալ ընդգրկվեց ահաբեկչությունը հովանավորող պետությունների ամերիկյան սև ցուցակում: Այս որոշումը Պոմպեոն բացատրել է լատինամերիկյան իշխանությունների կապերով կոլումբիացի ապստամբների հետ, ինչպես նաև Վենեսուելայի հետ բարեկամություն և Միացյալ Նահանգներից մի շարք փախստականներին ապաստանելով: Եմենում իրանամետ հութիների շարժումը Սպիտակ տունը հայտարարել է «ահաբեկչական»: Այժմ Պոմպեոն հայտարարել է Իսլամական Հանրապետության իշխանությունների ու «Ալ Կաիդա»-ի կապերի մասին:

Այսպես, Եվրամիությունը, որի անդամ երկրները լուրջ ներդրումներ էին կատարել Իրանի տնտեսության մեջ մինչև ԱՄՆ-ի՝ JCPOA-ն լքելը, կոչ է անում ԱՄՆ ապագա վարչակազմին համբերատար անտեսել Թրամփի «չարաճճիությունները» և նոր էջ սկսել Թեհրանի հետ հարաբերություններում: Մինչդեռ Իրանին խնդրել, որ որևէ կտրուկ քայլ չձեռնարկի նախքան Բայդենի երդմնակալությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին, ակնհայտորեն չի պահանջվում: Հենց Իրանի իշխանություններն են, որ առավելապես շահագրգռված են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավմամբ և պատժամիջոցների վերացմամբ: Չէ՞ որ նրանց երկրի տնտեսությունն է մինչ օրս գտնվում է անմխիթար վիճակում:

Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով, հարաբերություններ հաստատելը հաստատ արագ չի ստացվի:

«Միջուկային գործարքի» շատ կետեր հաշվարկվել են 15-20 տարի առաջ: Այժմ կնքումից անցել է ավելի քան 5 տարի, և կողմերը վերադարձել են իրենց նախնական դիրքերին: Համաձայնագրում պետք է զգալի փոփոխություններ կատարվեն, մենք նույնիսկ կարող ենք խոսել JCPOA-2-ի մասին», – լրատվամիջոցին ասել է ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ հետազոտող Վլադիմիր Սաժինը:

Նա հիշեցնում է՝ Բայդենի այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը պահանջներ ունի իրանական հրթիռային ծրագրի վերաբերյալ: Բայց Իրանի ռահբար (գերագույն առաջնորդ), այաթոլլա Ալի Խամենեին, նախկինում խոսել էր միայն «միջուկային գործարքի», այլ ոչ թե հրթիռների հարցով բանակցելու իր պատրաստակամության մասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում