«Առավոտ»․ Իսկական պետության իսկա­կան քաղաքացի լինելը ծանր բեռ է

«Առավոտ»․ Իսկական պետության իսկա­կան քաղաքացի լինելը ծանր բեռ է

«Եթե վարչապետի թեկնածուն անգամ սպիտակ թուղթ ներկայացնի, ես դրան կողմ եմ քվեարկելու»: Այդպիսի մի բան էր ասել հեղափոխական պատգամավորներից մեկը՝ 2018 թվականի մայիսին Հայաս­տանում ծավալվող իրադարձությունների ժամանակ: Այսինքն` պատգամավորն իր առաջնորդին այնքան էր վստահում, որ նրա համար որևէ նշանակություն չուներ, թե ինչ ծրագրեր է ներկայացնելու և իրակա­նացնելու ապագա կառավարությունը: Եվ դա ոչ մի­այն տվյալ պահի և տվյալ պատգամավորի խնդիրն է: Այդ մտածելակերպը գերիշխում է մեր հասարակա­կան կյանքում արդեն 30 տարի, և այդպես են մտա­ծում հարյուր հազարավոր մարդիկ: Նրանք ստեղծում են ինչ-որ մի կուռք, ինչ-որ սուպերհերոս, կամ, եթե նման հատկանիշներ ունեցող մարդու չեն տեսնում, ապա սպասում են նրա գալստյանը, երկու դեպքում էլ կարևոր չէ, թե ինչ է սուպերհերոսը արել, ինչ է անում և ինչ պատրաստվում անել՝ կարևոր է, որ նրան սիրում են, պաշտում են, վստահում են:

Մեր հասարակությունում այժմ նույն վիճակն է. մի մասը շարունակում է պաշտել Նիկոլին [ի հեճուկս նրա խայտառակ ձախողումների, բայց դե սերը, ինչպես գիտեք, կույր է), մի մասը մերժում է Նիկոլին, մի մասն էլ հարցնում է՝ եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ: Նշանա­կություն չունի այս մասերի տոկոսային փոխհարաբե­րությունը, էականն այն է, որ այդ երեք մոդելներն էլ հիմնված են անձնական վերաբերմունքի վրա, իսկ այդ մոտեցումներով պետական ինստիտուտներ չեն ստեղծվում և չեն գործում: Մեր քաղաքացիների մեծ մասը ցանկանում է տեսնել մի հրաշագործի, որն իր բացառիկ պարկեշտության և տաղանդի շնորհիվ ապահովելու է նրանց երջանիկ և բարեկեցիկ կյանքը:

Ինչո՞վ է այդ մոտեցումը վտանգավոր: Երբ ես կուռք եմ ստեղծում, ես դադարում եմ ինքնուրույն մտածելուց և կյանքի երևույթները գնահատելուց, ես գցում եմ իմ ուսերից այդ պատասխանատվությունը: Ի՞նչ կարիք կա այս կամ այն երևույթի կամ իրադարձության վե­րաբերյալ սեփական կարծիքը կազմելու, եթե կա առաջնորդ, որին ես վստահում եմ. նա կասի, թե ինչ է պետք մտածել կամ ինչ է պետք անել: Ինչպես իմ կուռքը կասի, այդպես էլ կվարվեմ, որովհետև նա միշտ ճիշտ է: Իսկ եթե նման կուռք չկա, իմ մտա­ծելու միակ առարկան պիտի լինի այդ սուպերհերոսի փնտրտուքը: Ինչ խոսք, իսկական պետության իսկա­կան քաղաքացի լինելը ծանր բեռ է, որից հայաստանցիների մեծ մասը ձգտում է խուսափել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում