«Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ

«Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո թշնամուն հանձնվեցին ոչ միայն Արցախի յոթ շրջանները, այլ նաև Սյսունիքի մի քանի կարևորագույն դիրքեր, ինչի հետևանքով սյունաց տասնյակ համայնքներում բնակիչները սկսեցին ապրել թշնամու հետ կողք կողքի։

Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի ճանապարհին գյուղացիներն արդեն ստիպված են տեսնել օդում ծածանվող ադրբեջանական դրոշը։

Սրաշենցիները նշում են՝ իրենց սահմանակից թուրքական գյուղը, որտեղ ևս թշնամական դիրքեր են տեղեկայված, սեպի պես խրվել է իրենց գյուղի մեջ. թշնամին «աչք ունի» գյուղի ներքևի հատվածում գտնվող երկու հայկական դիրքերի վրա։

«Գյուղի ներքևում մենք երկու դիրք ունենք, իրենք ուզում են դրանք էլ վերցնել։ Բայց այդ դիրքերը երբեք իրենց չեն պատկանել։ Ուղղակի սեպաձև խրվել են գյուղի մեջ, մեր դիրքերի վրա էլ աչք ունեն։ Հիմա գյուղի ներքևից մի կողմում Շիկահողն է, մյուս կողմում՝ հանդը։ Իսկ մեջտեղից թշնամու գյուղն է սեպաձև խրված մեր հողում։ Բացի այդ, Կապանից գյուղ եկող ճանապարհին՝ 5 կիլոմետրի վրա, երեք-չորս տեղ թուրքերի պոստ կա՝ դրոշը դրած, ճամփին կպած»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սրաշենի բնակիչ Արամայիս Աբրահամյանը։

Նրա խոսքով, քանի որ թշնամին մոտ է, իրենք աշխատում են գյուղի ներքևի հատված չգնալ, գնալիս էլ՝ խիստ զգուշավոր են։

«Դե թշնամին մոտ է, երկու-երեք կիլոմետրի վրա։ Կարող է նաև հայերեն խոսի, շատ կհասկանա՞նք՝ հայ է, թե թուրք։ Մենք պիտի զգույշ լինենք, ուրիշ տարբերակ չունենք։ Ճիշտ է, այս պահին ամեն ինչ նորմալ է, բայց դե գյուղի ներքևներն արդեն սահմանակից են։ Բոլորս էլ զգույշ ենք»,– ասաց նա։

Ու թեև գյուղն արդեն սահմանամերձ է, բայց և այնպես, Սրաշենի բնակիչը նշում է՝ իրենց դեպքում վտանգը փոքր-ինչ քիչ է, քանի որ պատերազմ տեսած գյուղ է, մարդիկ սովոր են այդ վիճակին։

«1993 թվականին այս գյուղը փոշիացել էր։ Մարդիկ այդ ճանապարհով արդեն մի անգամ անցել են. այդ ամենը տեսած մարդն ավելի է զգուշանում։ Ու, բնականաբար, նաև այդ պատճառով մարդիկ հիմա էլ գյուղից չեն ուզում գնալ, ո՞ւր գնան, իրենց տներն այստեղ են, բոլորն էլ իրենց տեղերում են։ Միայն թե արդեն հանդ գնալու հետ կապված պրոբլեմ ենք ունենալու, էլի։ Եթե ստորագրելուց հետո 62 մարդու գողանում տանում են, երկու ամիս հետո էլ կարող են գողանալ ու տանել, ի՞նչ է եղել»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի իշխանությունը, ի՞նչ սպասելիքներ ունեն սրաշենցիները, Արամայիս Աբրահամյանը պատասխանեց՝ պետք է պայքարեն, որ պահվի գյուղացու անվտանգությունը։

«Էս մեր հայրենի գյուղն է, մեր հողերն են, մենք չենք գնալու, թողնենք գնա՞նք։ Երբեք։ Հակառակ, իշխանությունը պետք է պայքարի, ամեն ինչ անի, որ մեր անվտանգությունը պահի։ Պետք է գյուղացուն տեր կանգնեն։ Ափսոս մոտ չեք, որ կանչեի, գայիք միասին հաց ուտեինք, համ էլ կտեսնեիք՝ սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ»,- եզրափակեց խոսքը Սրաշենի բնակիչ Արամայիս Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում