Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՄարդկանց անտարբերությունն այս վիճակին սարսափելի է, կարծես չենք կորցրել մեր հպարտությունը, սեփական ուժերի նկատմամբ հավատը․ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չունի հայրենիքի զգացողություն, անգամ մարդկանց նկատմամբ սիրուց և կարեկցանքից զուրկ է, նա սիրում է միայն իշխանություն և փող, և զարմանալի է՝ նրա թիմի անդամներն այս կոլապսից հետո ինչպե՞ս են շարունակում մնալ նրա կողքին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունն ստեղծել է նյութապաշտության վրա, այդպես է պահում իր պատգամավորներին և նախարարներին։ Համոզված եմ, որ բացի աշխատավարձերից և պարգևավճարներից՝ նրանք հսկայական ստվերային գումարներով են վարձատրվում։ Վերապրում ենք Անիի կործանման օրերը, սա մղձավանջ է, սա նույնիսկ համեմատելի չէ Ցեղասպանության հետ, քանի որ այն ժամանակ պետություն չունեինք»,- ասել է իրավապաշտպանը:

Ըստ Իշխանյանի՝ անթույլատրելի է, որ իշխանությունը ԲԴԽ-ն համալրում է Հայաստանի ընտրակեղծարարության հիմնադիր և բանակում հարյուրավոր խաղաղ զոհերի պարտակող Գագիկ Ջհանգիրյանով. «Վարչապետը որևէ սկզբունք չունի, նրա բոլոր ասածները՝ նախկիններ, թալանչիներ և այլն, ստեր էին, Դավիթ Տոնոյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Ֆելիքս Ցոլակյանը կամ Շիրակ Թորոսյանը նախկի՞ն չէին։ Երեք նախկին իշխանությունների բոլոր հանցանքները միասին վերցրած՝ այս երկուսուկես տարվա հանցանքների հինգ տոկոսն անգամ չեն կազմում։ Գագիկ Ջհանգիրյանի ընտրությունից հետո իրավական պետության մասին բոլոր պնդումները սուտ են»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ գրպանային են քննչական մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը, հիմա էլ փորձ է արվում նույն բանն անել դատարանների հետ. «Քաղաքական ասպարեզում են անձինք, որոնք չունեն որևէ սկզբունք, օրինակ՝ Արամ Սարգսյանը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական գործիչ դարձավ արցախյան շարժման շնորհիվ, իսկ նրա եղբոր համար բացի իր երբեմնի ցեմենտի գործարանից՝ որևէ այլ արժեք գոյություն չունի։ Գուրգեն Արսենյանը ժամանակին փրփուրը բերանին խոսում էր Քոչարյանի վերադարձի մասին, այսօր անվանարկում է նրան, ի՞նչ սկզբունքներ։ Եթե Փաշինյանն ընտրություններ կազմակերպի, բոլոր նախկին ընտրությունների կեղծիքների ռեկորդները գերազանցելու է իր վարչական և ֆինանսական ռեսուրսներով, քանի որ իրավապահ և դատական համակարգը գրպանային են, կան նաև գրպանային քաղաքական ուժեր»:

Ավետիք Իշխանյանի պնդմամբ՝ այսօր մենք արհամարհված ենք ոչ միայն թշնամի երկրում, այլև ամբողջ աշխարհում, այդ արհամարհանքը կրկնակի է, քանի որ պարտված իշխանությունը չի հեռանում, այն կդառնա եռակի, եթե այդ նույն իշխանությունը կազմակերպի արտահերթ ընտրություններ. «Միայն այս նվաստացումից հետո իշխանության մնալը ցույց է տալիս, որ մենք պետական մտածողությունից զուրկ ժողովուրդ ենք։ Մենք պարտված և թուլացած ենք, թշնամին ուզելու է ամբողջ Հայաստանը։ Այս երկուսուկես տարում այդպես էլ չլսեցինք Արցախի կարգավիճակի մասին որևէ պնդում, վարչապետը խոսում էր միայն երեք կողմերի ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին»:

Հելսինկյան կոմիտեի նախագահի պնդմամբ՝ պետության ղեկավարը չի հասկանում, թե ինչ է պետությունը, և մեղքը գցում է ժողովրդի վրա: «Այսօր բանակը փլուզված է և բարոյալքված, մնացել է վարչապետի թիկնազորը, որն ապահովում է նրա անվտանգությունը։ Գեներալների մեջ չկա պետական մտածողություն ունեցող սպա, նրանք սովորական կամակատարներ են։ Այսօր ոստիկանները պաշտպանում են հայրենիքը հանձնածին, իսկ զինվորականները միայն համազգեստով են»,- ամփոփել է Ավետիք Իշխանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում