Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք…

Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք…

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՔանի որ այս պահին պետություն չկա, Համալսարանը պետք է իր վրա վերցնի պատերազմում նահատակված տղաների հիշատակի հավերժացումը:

Այս պատերազմը ծանր կորուստներ և հետևանքներ ունեցավ մեր երկրի և ժողովրդի համար: Հետպատերազմյան շրջանում ու հատկապես վերջին օրերին զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների շուրջ տիրող իրավիճակը այլևս անտանելի է: Այն ընտանիքները, որտեղ մեծացել և դաստիարակվել են մեր նահատակները, պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Տղաներն ընտրել են գիտակցված մահը, որպեսզի մեր Հայրենիքը հարատևի: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ տղաները զոհվել են ոչ թե «հանուն ՈՉՆՉԻ», այլ՝ հանուն մեր Երկրի, հանուն մեր ապագայի: Ես անձամբ պատերազմի օրերին Արցախում տեսել եմ թե ապագայի հանդեպ ինչպիսի հավատով և հայրենիքի հանդեպ ինչպիսի սիրով են այդ տղաները նետվել մարտի:

Երևանի պետական համալսարանը նույնպես մեծ կորուստներ ունեցավ այս պատերազմում: Զոհվել կամ անհետ կորել են շուրջ 100 համալսարանականներ: Համալսարանական գործընկերների և ուսանողների հետ որոշել ենք ստեղծել «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը: Այցելելու ենք այդ ընտանիքներին, լսելու ենք իրենց զավակների և հայրերի կյանքի պատմությունը, նրանց երազանքների և նպատակների մասին, այդ ամենը հանրայնացնելու ենք, փոխանցելու ենք մեր ժողովրդին, պահպանելու ենք գալիք սերունդների համար: Այցելելու ենք՝ հավաստիացնելու, որ մենք գնալու ենք իրենց անմահացած զավակների նպատակների և երազանքների հետևից: Մենք կառուցելու ենք քաջ հայորդիների երազանքների երկիրը և երբեք ու երբեք չենք հրաժարվելու մեր տղաների արյունով պահպանված Հայրենիքի որևէ հատվածից:

Եվ ինչպես սիրում էր Սպարապետի խոսքերն անընդհատ կրկնել Արցախում անմահացած մեր մարտական ընկեր, ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը՝ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի Հայրենիքին»: Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Image may contain: sky and outdoor

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում