Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել

Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՄոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ակնկալում է Ռուսաստանի հետ կառուցել լավ հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի ու շահի վրա: Այս մասին նախագահն ասել է ուրբաթ` երկրի դիվանագիտական կորպուսի հետ առցանց հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Մենք Ռուսաստանի հետ լայն կապեր ունենք, համագործակցում ենք շատ ուղղություններով, Ռուսաստանի Դաշնությունում են ապրում մեր հազարավոր քաղաքացիներ, մենք սերտ առևտրատնտեսական հարաբերություններ ունենք: Սակայն կան մի շարք ոլորտներ, որոնցում մեր շահերը տարբերվում են: Մենք պետք է շարունակենք Մերձդնեստրյան հարցի կարգավորման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից իր զորքերը մեր տարածքից դուրս բերելու պարտավորությունների կատարման շուրջ բանակցությունները: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մենք ունենանք լավ հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ շահի և հարգանքի վրա», – ասել է Սանդուն`շեշտելով, որ այդ հարաբերությունները կախված են ոչ միայն Մոլդովայից, այլ նաև ռուս գործընկերներից:

Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է նաև Ռումինիայի և Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացմանը և խոսել ԱՄՆ-ի, Չինաստանի,Թուրքիայի և Իսրայելի հետ առավել ակտիվ համագործակցության մասին:

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ նախագահ Սանդուն ասել էր, որ երկկողմ համագործակցության շուրջ հարցերի քննարկման նպատակով հրավեր ստանալու դեպքում այցելելու է Ռուսաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում