Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն

Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՆիկոլ Փաշինյանը նոր խաղ է սկսել երկրի ներսում։ Նա փորձում է փոխել քաղաքական օրակարգը և «անցյալում թողնել» Արցախում կրած մեր պարտության հարցը։ Իշխանության ներսում հասկանում են, որ քանի դեռ այդ էջը փակված չէ, Հայաստանում իրենք չեն կարողանալու հանգիստ շրջել։ Ուստի Փաշինյանը խնդիր է դրել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորի և ողջ իշխանական թիմի առջև հնարավորինս ակտիվանալ այլ թեմաներով՝ զուգահեռաբար փորձելով ամեն ինչ անել, որպեսզի դավաճանության դեմ դուրս ելած քաղաքացիների ու քաղաքական ուժերի պայքարը որպես «նախկինների» վերադարձի փորձ ներկայացվի հանրությանը։

Ահա այդ որոշման շրջանակում էլ այսօր երեկոյան իշխանական թիմը փոքրիկ սադրանք է կազմակերպել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների դեմ։ Նրանք մի խումբ քաղաքացիների են փողոց հանել և փորձել խոչընդոտել Վազգեն Մանուկյանի և նրան ուղեկցող գործիչների մուտքը Գյումրի։ Հանրային «ընդվզման» այդ խղճուկ փորձը լուսաբանել են միանգամից մի քանի պրոիշխանական կայքեր, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանի թիմակիցներն իրենց համար ակնահաճո տեսարան ստանալու մոլուցքով գործի են դրել իշխանական ողջ ռեսուրսը։

«Ակցիան», ինքնին, որևէ խնդիր Փաշինյանի և նրա դավաճան թիմի համար չլուծեց։ Այդ իսկ պատճառով վերջիններս սկսել են փրփուրներից կախվել և փորձել թեման «տաք պահել» հղվելով Վազգեն Մանուկյանի այն խոսքին, որ ճանապարհ փակել ցանկացողները «բոմժեր էին, ում իմքայլականները փող են բաժանել»։ Շիրակի մարզի իմքայլական պատգամավորները շատ արագ սկսեցին իրենց մտքի գոհարները շաղ տալ համացանցում՝ բացականչելով, թե տեսեեե՛ք, Վազգեն Մանուկյանը գյումրեցիներին բոմժ անվանեց։

Բայց եկեք հարցի էությանը նայենք։ Իրականում ու՞մ բոմժ կոչեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Արդյո՞ք դավաճան Նիկոլին այդկերպ անձնուրաց պաշտպանողներն են գյումրեցիները։ Այո՞։ Այդպիսի՞նն են գյումրեցիները։ Իհարկե, ո՛չ։ Ուրեմն ի՞նչ խնդիր են լուծում «Իմ Քայլի» պատգամավորները, երբ գյումերիցներին ուզում են ասոցացնել իրենց իսկ կողմից վարձատրված այդ խաժամուժին։ Հարցը հռետորական է…

Իրականում պարազ է, որ Վազգեն Մանուկյանը և ցանկացած այլ արժանապատիվ քաղաքական գործիչ շատ հեշտ կարող է հասկանալ, թե դիմացը կանգնած մարդն ով է։ Եվ եթե այդ մարդը, ամոթը կորցրած գոռում է «Վազգեն դավաճան» և «Նիկոլ վարչապետ», ուրեմն նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում