«Ժողովուրդ». Փաշինյանը նոր թիմ է ձևավորում. ինչ գործընթացներ են սկսվել

«Ժողովուրդ». Փաշինյանը նոր թիմ է ձևավորում. ինչ գործընթացներ են սկսվել

«Թեև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները պտտվում են, սակայն դեռ առարկայական չեն, կոնկրետ չկա մատնանշված ժամկետ, այնուամենայնիվ իշխանությունների ներսում՝ կուլիսային մակարդակներում լայնորեն քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները լրջորեն պատրաստվում են արտահերթ ընտրությունների: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի, Գուրգեն Արսենյանի և մեկ-երկու այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ ու արդեն Սարգսյանին ու Արսենյանին առաջարկել է միասին մեկ դաշինքով գնալ ընտրությունների: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը նպատակ ունի այդ դաշինքում ներառել նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանին, փորձ է արվում այդ դաշինքում ներառել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի Փաշինյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովվի, ու միասին գնան ընտրությունների:

Սակայն այսօրվա դրությամբ միայն հայտնի է որ Արամ Սարգսյանն ու Գուրգեն Արսենյանն են համաձայնել Փաշինյանի հետ դաշինք կազմել: Մյուսների մասով դեռ քննարկումներ են ընթանում: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, արդեն սկսել է հանդիպում-քննարկումներ ունենալ իր կուսակիցների հետ՝ նաև մարզերում:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետն անձամբ չի մասնակցում այդ պրոցեսներին, ապագա ընտրությունների կազմակերպումը հանձնարարված է ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արայիկ Հարությունյանին, որին առաջիկայում կմիանան Էդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, Ռոմանոս Պետրոսյանը:

Առայժմ այս անձինք հանդիպում են իրենց կուսակիցների հետ, ճշտում են տրամադրությունները, պահանջ կա նաև մեծացնել կուսակցականների թիվը, ու այժմ իշխանությունները ամենատարբեր խոստումներն են տալիս մարդկանց. մի հատվածին մանր-միջին մակարդակի աշխատանքի են տեղավորում, կամ նման խոստումներ տալիս, միայն թե մազերում համախմբվեն իրենց շուրջ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում