«Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար

«Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար

«Թուրքիան և Ադրբեջանը, փետրվարի 1-ից 12-ը պատմական Հայաստանի Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ:

Ինչպես հայտնում է Թուրքիայի իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցը, առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին։ Նկատենք՝ նախորդ անգամ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները տեղի էին ունեցել 2020-ի օգոստոսին, որից մեկ ամիս անց Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա:

Ընդ որում, ադրբեջանաթուրքական զորավարժությունների մասին հայտարարվեց Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո, որոնց արդյունքում հայկական կողմը, փաստորեն, ունեցել էր դիրքային առավելություն: Ֆիքսենք, որ այս անգամ ևս զորավարժությունները տևելու են տասն օր, ինչպես և եղավ ամռանը:

Որքանո՞վ են այս անգամ զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար, և ի՞նչ դեր պետք է ունենա ՀՀ անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովի հետ, որը շտապեց հայտնել, թե չպետք է անհանգստանալ այդ զորավարժություններից՝ հիշեցնելով, որ այժմ Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահներն են.

«Աշխարհաքաղաքական իրավիճակը, որն այժմ ստեղծվել է Կովկասում, հնարավորություն է տալիս խաղաղություն պահպանել տարածաշրջանում՝ շնորհիվ ռուս խաղաղապահների առկայության: Ի տարբերություն Թուրքիայի, որն առաջին օրերից ամեն կերպ աջակցում էր Ադրբեջանին, Ռուսաստանի Դաշնությունը խաղաղության կողմնակից էր: Իհարկե, Հայաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարտություն է համարում, սակայն դա միակ խելացի փոխզիջումն էր: Հայաստանում իշխանության պետք է գա ազգային լիդեր, որը Հայաստանը կհանի այս վիճակից»:

Եվ չնայած թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվելու են Հայաստանի սահմանի մոտ, սակայն ռուս պաշտոնյան այդ ամենից Հայաստանի համար որևէ վտանգ չէր տեսնում: Իսկ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Թուրքիան այսպես ցանկանում է բարձր պահել իր քաղաքական դերակատարությունը, քանի որ արցախյան պատերազմով հույս են ունեցել գոնե խաղաղապահներ տեղակայել, որը կրկին չի կայացել:

«Ռուս խաղաղապահների առկայությունը փաստացի բացառում է պատերազմի հավանականությունը: Ես չեմ հավատում մասշտաբային պատերազմի հավանականությանը: Բոլորն էլ հասկանում են, որ ռուսական կողմն առանց հետևանք չի թողնի իր խաղաղապահների վրա հարձակումը», – նկատեց նա՝ հավելելով՝ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունոմ ռուսական կողմը ևս մեկ ռազմական բազա ունենա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում