Հայկական կողմի համար կենսական անհրաժեշտություն ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայկական կողմի համար  կենսական անհրաժեշտություն  ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Iravunk.com«Իրավունք»-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ.

_ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքում հայ գերիների հարցում առաջընթաց չգրանցվեց` չնայած մինչ հանդիպումը Փաշինյանն այդ հարցը նշում էր` որպես առաջնահերթություն:

-Իմ տեղեկատվությամբ` Ալիեւը հանդիպման ժամանակ նույնիսկ չի քննարկել Փաշինյանի առաջնահերթյունները: Մինչ Մոսկվայի հանդիպումը ռուսական կողմը ակտիվ աշխատանք է տարել պաշտոնական Երեւանի հետ այդ հանդիպման ընթացքում գերիների հարցը ներկայացնելու պահանջով` որպես առաջնահերթություն եւ հիմք` նոյեմբերի 9-ին ստանձնած պայմանավորվածությունները իրագործելու համար: Ռուսաստանը Փաշինյանի կողմից առաջ բերված նախապայմանով ցանկանում էր դանդաղեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության տեմպը մեր տարածաշրջանում, որի հետեւանքով նրանց դիրքերը բավականին ամրապնդվում էին Հարավային Կովկասում:

Բայց երբ Ալիեւն եկավ իր օրակարգով, Փաշինյանը ոչինչ չասաց: Ալիեւն հայտարարեց, որ իրենց շահերը` սահմանների ապաշրջափակումն է, տնտեսական կապերն են եւ այլն: Բայց ինչպես բոլորս արդեն հասցրել ենք համոզվել, կոմունիկացիների բացումը փաստացի որեւէ կերպ չի նպաստելու հայկական կողմի տնտեսության զարգացմանը: Դրանք շատ երկար ուղիներ են` Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով, Բաքվով` Դագեստան: Այստեղ կարեւորը Ադրբեջանի կապն է Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Մենք ականատես դարձանք Նիկոլ Փաշինյանի հերթական պարտվողական խայտառակ պահվածքին, քանի որ չի իրականացվել ոչ մի պայման, որը Փաշինյանն անձամբ է ներկայացրել որպես առաջնահերթություն:

– Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս լուծված չէ եւ Ղարաբաղի կարգավիճակը հետագայում դեռեւս պետք է որոշվի, սակայն Ալիեւը նշել էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի ունենալու որեւէ կարգավիճակ: Կարգավիճակի հարցով ինչպիսի՞ զարգացման սցենարներ կարող են լինել:

– Սցենարները շատ տարբեր կարող են լինել: Եւ ցավոք սրտի, ոչ օպտիմիստական: Ակնհայտ է, որ Արցախում հասնել հաջողության ուժային մեթոդներով կամ պահել եղած դիրքերը, հնարավոր չէ: Եղել է դավաճանություն, որի հետեւանքով մենք լքել ենք մեր հայրենիքի մեծ տարածք` հանձնելով Արցախի` ստրատեգիական կարեւոր շրջաններ` Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները: Այս դավաճանության հետեւանքով Արցախի ողջ բնակչությունը, կարելի է ասել, մնացել է պատանդի կարգավիճակում: Եւ վերականգնել իրավիճակը այսպիսի պարտությունից հետո շատ դժվար կլինի: Ցավոք, տեսնում եմ, որ Հայաստանի իշխանությունը շարունակում է զիջումների գնալ: Եւ հիմա արդեն կա տեղեկատվություն, որ Հայաստանի իշխանությունները Արցախից հանում են զորքերը: Եւ ավելին` ես համոզված եմ, որ Երեւանում իրականացվում են շոուներ` Հայաստանի իշխանության կողմից կազմակերպված, երբ զինվորների ծնողները հայտարարում են, որ նրանք չեն ցանկանում, որ իրենց երեխաները ծառայեն Արցախում: Այդ պատճառով այդտեղ մնում է միայն քաղաքական հնարավորություն Արցախի կարգավիճակի հարցը բանակցային գործընթացի օրակարգում թողնելու համար: Եւ այս հարցում նույնպես ռուսական կողմը ավելի ակտիվ է աշխատում, քան հայկականը:

– Այժմ Հայաստանում ծավալվում է նոր շաժում` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության», որի նպատակն է Ռուսաստանի հետ զարգացնել ավելի սերտ հարաբերություններ բոլոր ոլորտներում` արդյունքում ստեղծելով միութենական պետություն: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ շարժմանը:

– Հայաստանում շատերը գիտակցեցին անցյալի սխալները եւ հասկացան, որ ռուսական կողմի հետ պետք է ունենալ ավելի խորը եւ սերտ, ինտեգրացված հարաբերություններ: Ես չեմ խոսում միութենական պետության մասին, այլ` ռեալ, լիարժեք համագործակցության: Ցավոք, վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների մեջ տարածաշրջանային հարցերում կար մրցակցություն: Հայկական կողմը չէր ճանաչում Ղրիմը` սպասելով, որ ռուսական կողմը ճանաչի Արցախը: Կային տարաձայնություններ Մերձավոր Արեւելքի քաղաքականության հարցում, Ռուսաստանի` Ադրբեջանի հետ ռազմական համագործացության առումով եւ այլ հարցեր: Հայաստանի կողմից անընդհատ արվում էին դեպի Արեւմուտք թեքվելու փորձեր: Այդ ամենը շատ բացասական ազդեց Հայաստանի` որպես անկախ պետության, ավելի արագ զարգանալու հեռանկարների առումով, ինչպես նաեւ Ռուսաստանի համար էր ստեղծում խնդիրներ` կապված անվտանգության, աշխարհաքաղաքական տարբեր հարցերում:

Այն, ինչ կատարվում էր վերջին 2.5 տարվա ընթացքում, չէր տեղավորվում որեւէ շրջանակների մեջ: Հայաստան եկան բացահայտ հակառուսական ուժեր: Դրա արդյունքում Հայաստանը ամենաօրհասական պահին պրակտիկապես մնաց առանց արտաքին դաշնակիցների: Վերջին պահին ռուսական աջակցությունը արդեն կապված չէր հայկական իշխանությունների հետ: Մոսկվայում հասկանում էին, որ այս երկրում ապրում են դաշնակիցներ, մարդիկ, ովքեր սերտ կապված են ռուս ազգի հետ ավանդաբար, մտածելակերպով, մշակույթով: Եւ արդեն անկախ ներկա իշխանություններից, օգնության դիմումից, ռուսական կողմը որոշեց եւ ամենածանր պահին փրկեց մեր բանակը, նույնիսկ մեր պետականությունը: Եւ դա Հայաստանում բոլորը տեսան եւ այլ կերպ սկսեցին ընկալել հայ-ռուսական հարաբերությունները` թե՛ անցյալը, թե՛` ապագան: Մարդիկ ռուսական կողմը տեսնում են` որպես անվտանգության եւ Հայաստանի պետության կայուն աճի հնարավորության երաշխավոր: Բաց եւ ազնիվ համագործակցությունը կբերի շատ քաղցր պտուղներ ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական կողմերի համար:

– Փաստորեն Հայաստանը այլեւս չպե՞տք է շարունակի ե՛ւ Ռուսաստան, ե՛ւ Արեւմուտք քաղաքականությունը, որը նա վարում էր երկար տարիներ:

– Դիվանագիտության մեջ պետք է կարողանալ կառուցել հարաբերություններ եւ գտնել շահ բոլորի հետ, բայց այդ շահը չպետք է լինի դաշնակցի հաշվին: Ռուսաստանի դեպքում Հայաստանի կողմից նման սխալներ թույլ են տրվել, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ են եղել: Բայց, կարծում եմ, եկել է այս ամենը վերագնահատելու ժամանակը. ե’ւ հնարավորությունների, ե՛ւ պահանջների առումով, եւ պետք է հասկակալ, ինչպես կարելի է նման պայմաններում զարգացնել այս հարաբերությունները: Ապագայում Հայաստանը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրի Ռուսաստանի շահերը, այդ թվում` մեր հարաբերություններում արեւմտյան, ինչպես նաեւ հեռավոր արեւելքի երկրների հետ: Հայկական կողմի համար հիմա արդեն կենսական անհրաժեշտություն ունի ռուսական կողմի հետ գործողությունների համակարգումը եւ մեր տարածաշրջանում անվտանգության միասնական գոտու ստեղծումը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում