«Ժողովուրդ»․ Արցախի ապագայի շուրջ անհանգստությունը շարունակվում է

«Ժողովուրդ»․ Արցախի ապագայի շուրջ անհանգստությունը շարունակվում է

«Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:

Ավելին՝ ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավարը նախատեսում է առաջին հնարավորության դեպքում այցելել տարածք և իր աչքերով տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում: «Առաջին հնարավորության դեպքում նախատեսում եմ այցելել տարածք, քանի որ համաճարակային պայմաններն այս պահին դա թույլ չեն տալիս: Ես իմ պարտքն եմ համարում պարզել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ»,- նշեց նա:

Եվրախորհրդարանի պատգամավորի համար ևս կարևոր հարց է հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի հարցը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դեռևս ամբողջությամբ չի իրականացվել, և ադրբեջանական կողմում կան հայ ռազմագերիներ, որոնց վերջինս փորձ է անում ներկայացնել որպես հանցագործներ, քանի որ նրանք գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո:

Լուկաս Ֆուրլասն այդ հարցը բարձրաձայնել է նաև Եվրահանձնաժողովում: «Ես շատ մտահոգված եմ այս խնդրով: Այդ է պատճառը, որ ես Եվրահանձնաժողովին բարձրաձայնել եմ հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքները երաշխավորելու և նրանց վերադարձնելու պարտավորության մասին: Նման նախաձեռնությունները կարող են ճնշում լինել Ադրբեջանի կառավարության վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավելեց Հայաստան-Եվրամիություն բարեկամական խմբի ղեկավարը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում