«Թվեր չեն ներկայացնում, որ հարցեր չառաջանան, քանի որ տարածքները հանձնվել են՝ մարդկանց հետ միասին». Ալավերդյան

«Թվեր չեն ներկայացնում, որ հարցեր չառաջանան, քանի որ տարածքները հանձնվել են՝ մարդկանց հետ միասին». Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Նիկոլ Փաշինյանը չի եկել փողոցից և չի գնալու փողոցով։ Նրան ինչ-որ ուժեր են բերել, և հենց այդ ուժերն էլ տանելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, այն ամենն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, իր համոզմունքներն են՝ հիմնված ոչ բավարար մակարդակի գիտելիքների վրա։

«Նա իրեն դրսևորում է իր գիտելիքներին համապատասխան՝ դեղին մամուլի խմբագրի պես։ Նրա պես մարդու վաղուց փնտրում էին, և ես գիտեմ՝ դա ինչպես էր արվում։ Մի քանի խմբերի վրա փորձարկումներ արվեցին, և վերջում ընտրվեց նա։ Բայց պետք է հասկանալ, որ տարիներ շարունակ մեր վրա աշխատել են, մեզ ճանաչել են ավելի լավ, քան ինքներս մեզ»,– ասաց իրավապաշտպանը։

Լարիսա Ալավերդյանի համար անհասկանալի է, թե ինչու են անընդհատ հայ հասարակությանը հիշեցնում սովետական շրջանների մասին. «Մենք վերադառնում ենք սովետական ժամանակների՞ն»։

Նա նշեց, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, որը, իր կարծիքով, պետք է հիմա մեղադրյալի աթոռին լիներ, իր խոսքում օգտագործում է այն հիմնավորումները, որոնք շռայլորեն տարածվում են ադրբեջանական մամուլում, և ադրբեջանական պատմության դասագրքերում։

«Այստեղ կա շատ խորքային գաղափարախոսական շեղում՝ դեպի թուրքական քաղաքագիտական միտք։ Իր բառապաշարն էլ է այդտեղից։ Դա նշանակում է, որ ազգային աղետը շատ ավելի ծավալուն և խորն է, քան այսօր պատկերացնում են քննադատական մտածողություն ունեցող անձինք։ Ես ամեն օր ավելի ու ավելի խորքային պատճառներ եմ գտնում»,- նկատեց նա։

Ըստ Լարիսա Ալավերդյանի, այն յոթ շրջանները, որոնք հանձնվեցին Ադրբեջանին, միջազգային իրավունքի առումով չեն կարող Ադրբեջանին պատկանել։ Նա նշեց, որ այդ տարածքները միջազգային իրավունքով համարվել ու ճանաչվել են վիճելի տարածքներ։

«Այո՛, միջազգային հանրության ամենապղտոր կենտրոնները, տեսնելով, որ Սովետական Միությունը փլուզվում է, հասկացել են, որ այդ միության բաժանումը լինելու է այնպես, ինչպես եղել է գաղութների դեպքում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գերիների վերադարձի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում ասվում է, թե եռակողմ հայտարարությունից հետո այնպիսի ծավալով է գերիների վերադարձ եղել, ինչպիսին երբեք չի եղել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ, իրավապաշտպանը նշեց, որ 1991-2001 թթ-ներին գերիների որոնումը և վերադարձը եղել է ՀԿ-ների միջոցով։

«Բայց այն ամենը, ինչ արվել է, եղել է պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում։ Դա բարդագույն, մեծ պրոֆեսիոնալիզմ պահանջող աշխատանք է։ Իսկ հիմա ծանր հանցագործության հատկանիշներ կան, քանի որ պիղծ հայտարարությունը ստորագրելու պահին դեռ թեժ մարտեր էին ընթանում և բազմաթիվ ջոկատներ գտնվում էին այն վայրերում, որոնք ստորագրությամբ անցան Ադրբեջանին։ Եվ այդ տարածքները հանձնվել են՝ մարդկանց հետ միասին։

Այսօր, որ ասում են, թե չգիտեն՝ քանի գերի կա, դրանով է բացատրվում։ Ավելին, պետական մարմիններն ունեն այդ հատվածներում եղած մարդկանց ցուցակները։ Եվ հիմա թիվ չեն ասում, որ հարց չառաջանա՝ ինչո՞ւ այդ տարածքները հանձնելուց առաջ մի քանի օր չի պահանջել հայկական կողմը՝ մարդկանց այդ տարածքներից հանելու համար»,- կարծիք հայտնեց Լարիսա Ալավերդյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում