Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում օգտագործել է ՆԱՏՕ-ի զենքերը. AgoraVox

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում օգտագործել է ՆԱՏՕ-ի զենքերը. AgoraVox

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՖրանսիական AgoraVox հրատարակությունը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմին և նշել, որ Ադրբեջանը պատերազմում օգտագործել է ՆԱՏՕ-ի զենքերը: Այս մասին տեղեկացնում է inosmi.ru կայքը:

Հոդվածում հիշեցվում է, որ Դաշինք ի անդամ պետությունների մեջ կա ներքին կանոն՝ զենք չմատակարարել հակամարտության կողմերից որևէ մեկին, բայց այս «կանոնը» այժմ անցյալում է: Այս տարածաշրջանում զենք գնելու և մատակարարելու պատմությունը դարձել է գաղտնիքներով և «սպիտակ հետքերով» լի դետեկտիվ սերիալի սյուժե, գրում է հեղինակ Ֆիլիպ Խալֆինը:

Նա նշում է, որ 2018 թվականին ադրբեջանական բանակի գովազդային հոլովակներից մեկում հայտնվել էր չեխական արտադրության ռազմական տեխնիկա՝ հագեցած հաուբիցներով և ռեակտիվ արձակման հրթիռային համակարգերով: Սակայն Բաքուն հաշվի չէր առել այն, որ Պրահային դա դուր չի գա՝ հաշվի առնելով Ադրբեջանին զենք վաճառելու ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի արգելքը:

Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ տարածված տեղեկությունը բողոքի ալիք էր առաջացրել Չեխիայում: Երկրի իշխանությունները շտապել էին հերքել այս տեղեկությունը: Ըստ հանրապետության ղեկավարության հայտարարության՝ Czechoslovak Group ընկերության արտահանման այցագրերում Tatra ռազմական մեքենաների վերջնաակետ էր նշված Իսրայելը:

Սակայն լրագրողական հետաքննությունը ապացուցել էր, որ չեխական Real Trade Praha ընկերությունը և սլովակական MSM Martin ընկերությունը, որոնք պատկանում են Czechoslovak Group-ին, նախկինում փորձել են թույլտվություն ստանալ Ադրբեջանին հաուբիցներ և հրթիռային ռումբեր մատակարարելու համար, սակայն անարդյունք:

Լրագրողները պարզել են նաև, որ Չեխիայից Իսրայել է արտահանվել Tatra տեսակի 54 ռազմական մեքենա: Հասնելով իրենց նպատակակետը՝ դրանք 12 ժամվա ընթացքում հագեցվում էին իսրայելական հեռահաղորդակցման համակարգերով և իսրայելական Elbit Systems Land and C4i ընկերության հեռակառավարման համակարգերով, որից հետո տեղափոխվում էին Սլովակիա: Դրանից հետո MSM Martin-ի մասնագետները բեռը հագեցրել են Dana M-1 հաուբիցներով և Vampir RM-70 MLRS կայանքներով, որից հետո սարքավորումներն արդեն արտահանվել են Ադրբեջան: Փոխադրումներն իրականացրել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը՝ դիվանագիտական քողարկումով: Միևնույն ժամանակ, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության կողմից MSM Martin-ին տրված ներմուծման արտոնագրում նշված է իսրայելական Elbit Systems Land and C4i իսրայելական ընկերության 54 Tatra մեքենաներ: Այսինքն՝ ճիշտ նույն քանակը, որը Չեխիան ուղարկել էր Իսրայել:

Կարևոր է նշել, որ քանի որ Չեխիա զենքի արտահանման թույլտվությունները տալիս է արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ պաշտպանության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունների դրական կարծիքի հիման վրա, ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները դրական կարծիք են հայտնել Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր նախարարություններն ի սկզբանե նշում էին, որ արտահանումն իրականացվում է Իսրայել, առաքման արտոնագրում իսրայելական ընկերության անվան հետ մեկտեղ նշված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Այսպիսով, միանգամայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ պետություն իր կոռումպացված քաղաքական գործիչներով, առանց խղճի նվազագույն խայթի, աջակցում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը և առաջին տեղում դնում էր ոչ թե մարդկային կյանքերը, այլ իր ռազմավարական շահերը` առաջին հերթին նավթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում