Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է Արցախում օպերատիվ իրավիճակը

Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է Արցախում օպերատիվ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՀունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Արցախում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Արցախում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում