Փաշինյանը հայրենադարձված գերիների տվյալը մանիպուլացնում է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Media.am: Հունվարի 20-ին Ազգային ժողով – Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախյան երկրորդ պատերազմի գերիների թեմային։ «Հիմա գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»,- ասաց նա:

Media.am-ը ստուգել է այս հայտարարությունը և պարզել, որ Փաշինյանի պնդումը սխալ է և մանիպուլացված մի քանի կետով։ Նոյեմբերի 9-ից հետո վերադարձվածների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած։

Գերիների ամենամեծ թվով հայրենադարձումը տեղի է ունեցել 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։ ԿԽՄԿ 1996-ի մայիսի 10-ի միայն մեկ հաղորդագրության մեջ 109 անձի հայրենադարձման մասին է գրված։

Բացի այս 109-ը անձից, որոնք կոնֆլիկտի երեք կողմի՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են, մյուս հաղորդագրություններում մարդկանց ազգությունները հստակեցված են։ Մեր հավաքագրած տվյալներով 1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։

Ուստի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «այս ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո», իրականությանը չի համապատասխանում։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք ասել, որ ամենաշատ հայերանդարձում եղել է Արցախի առաջին պատերազմից հետո՝ Հայաստանի առաջին նախագահի կառավարման տարիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում