Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հաղորդագրությունում միտումնավոր աղավաղել է Բաքվում 1990-ի «Սև հունվար»-ի իրադարձության պատմական փաստերը. Regnum

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հաղորդագրությունում միտումնավոր աղավաղել է Բաքվում 1990-ի «Սև հունվար»-ի իրադարձության պատմական փաստերը. Regnum

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՌուսական «Ռեգնում» լրատվական գործաալությունը ներկայացրել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Բորիս Պոլևոյի անվան գրական մրցանակի դափնեկիր, «Ըմբոստ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի վերլուծական հոդվածը, որում անդրադարձ է կատարվում օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ «Սև հունվար»-ի իրադարձություններին առնչվող հայտարարությանը:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«Հունվարի 20-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված 1990 թվականի հունվարի 20-ի Բաքվի ողբերգության 31-րդ տարելիցի հետ: Այս առչնությամբ vesti.az-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «1990 թ. լույս հունվարի 20-ի գիշերը Խորհրդային Միության ղեկավարության հրամանով 26 000-հոգանոց խորհրդային բանակը տեղակայվել է Բաքվում և Սումգայիթում, ինչպես նաև երկրի այլ քաղաքներում: Այս ռազմական միջամտության հետևանքով զոհվել է 147 խաղաղ բնակիչ, 744-ը ստացել է ծանր մարմնական վիրավորվումներ: Այս իրադարձությունը ժամանակակից Ադրբեջանի պատմության մեջ է մտել «Սև հունվար» անունով»:

Հեղինակն այս առնչությամբ նկատում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ճիշտ է նշվում միայն ողբերգության ամսաթիվը և անվանումը՝ «Սև հունվար», որն իրավամբ փոխառված է այդ օրերի խորհրդային մամուլի հրապարակումներից: Հայտարարության մնացած բովանդակությունը, ըստ հեղինակի, ներկայացված է Ադրբեջանի ինչպես հին, այնպես էլ նոր պատմության կեղծմանը և խաբեությանն ուղղված պետական քաղաքականությանը բնորոշ ոճով:

Անդրադառնալով ադրբեջանական գերատեսչության կողմից հրապարակված հաղրդագրությանը, հեղինակը նշում է՝ այստեղ ակնհայտ է մի բան՝ հայտարությունն արվել է միտումնավոր` հասարակության հերթական խաբեության համար, որին Խորհրդային Միության իրավահաջորդը հանդիսացող պաշտոնական Ռուսաստանը, ինչպես միշտ, պարզապես չի արձագանքելու:

Կրիվոպուսկովն ընդգծում է նաև, որ երկրի ԱԳՆ-ն անգամ հարիր չի համարել ստուգել հակիրճ փաստաթղթում առկա փաստերի ճշգրտությունը: Ավելին, իրադարձությունների մեկնաբանությունը ներկայացվել է ոչ միայն դիվանագիտական, այլև միտումնավոր խեղաթյուրված ձևով, այսինքն` ճիշտ հակառակը:

Հեղինակն այս առումով առաջին հերթին նշում է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն անհեթեթ բաներ է ասում, երբ անդրադառնում է «արտաքին ռազմական միջամտության» թեմային:

«Ադրբեջանն այնպես է խոսում, կարծես թե խոսքն ինչ-որ ինքնիշխան երկրի մասին է, ինչը հիմնովին չի համապատասխանում իրականությանը: Այն ժամանակ Խորհրդային Ադրբեջանը միավորված ԽՍՀՄ բաղկացուցիչ մասն էր: Իսկ լրացուցիչ զորքեր մտցվել են Բաքվում տեղակայված 4-րդ բանակի ստորաբաժանումներին օգնելու համար՝ դադարեցնելու աննախադեպ ջարդերը՝ իրականացվող մահմեդական ազգայնականների կողմից առաջին հերթին հարյուր հազարավոր հայերի, ինչպես նաև խորհրդային այլ քաղաքացիների նկատմամբ: Բացի այդ, դա արվել է հանրապետությունում խորհրդային օրինական իշխանությունը վերականգնելու համար: Այդ ժամանակ Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորած ազգայնական-ժողովրդական ճակատի ստորաբաժանումները իշխանությունը քաղաքների և գյուղերի մեծ մասում բռնագրավել էին՝ պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարները պարտադրող թուրքական ծայրահեղական կազմակերպությունների լայն ֆինանսական և ռազմատեխնիկական աջակցությամբ: ԽՍՀՄ-ի և Թուրքիայի սահմանը քանդված և անվերահսկելի էր», – շեշտում է հեղինակը:

Վերլուծաբանը որպես երկրորդ կետ առանձնացնում է այն փաստը, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը զոհերի թվեր է ներկայացնում միայն ադրբեջանական կողմից ու լռում այն մասին, որ իրականում զոհերի թիվը շատ ավելին է եղել:

«Այստեղ պետք է հստակեցնել, որ զոհերի մեծ մասը մարդասպաններ, ջարդարարներ և դիպուկահարներ են եղել, որոնք հաճախ կրակել են իրենց հավատակիցների վրա: Ադրբեջանցի ազգայնականների ձեռքով Բաքվում սպանվել են տասն անգամ ավելի շատ հայեր, ինչպես նաև այլ քաղաքներում բնակություն հաստատած խորհրդային քաղաքացիներ: Բայց Ադրբեջանում ընդունված չէ հիշատակել այս զոհերին, ու նրանց մասին նշված չէ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ»,– պարզաբանում է Կրիվոպուսկովը:

Надпись на стене дома «Здесь живёт армянин», Баку, январь 1990 г.

Ծավալուն հոդվածում հեղինակը մանրամասնում է նաև, որ «Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ, իհարկե, չի զլացել ընդգծել «գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ ադրբեջանական խիզախ բանակի» գովքը, որը «վերականգնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Բայց սա, ինչպես հեղինակն է ասում, առայժմ պետք է թողնել դիվանագիտական գերատեսչության խղճին»:

Հոդվածի վերջում անդրադառնալով արդեն նորօրյա պատմությանը, հեղինակը գրում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին ԼՂ-ում դավաճանորեն և միակողմանի սանձազերծված պատերազմի ժամանակ խախտվել են բազմաթիվ միջազգային նորմեր և համաձայնագրեր, քաղաքացիական անձանց դեմ արգելված զենք է օգտագործվել, Սիրիայից 2000 իսլամիստ գրոհայինների են մասնակցել առճակատմանը, ռուսական մարտական ուղղաթիռ է խոցվել Հայաստանի օդային տարածքում, որի հետևանքով երկու ռուս օդաչուներ են զոհվել: Այս ամենի շուրջ հետաքննությունը դեռևս չի ամփոփվել:

Վերլուծաբանը նշում է, որ այս հարցերը մտահոգում են շատ երկրների քաղաքագետների, պետական և հասարակական գործիչների:

Այս առնչությամբ նա մեջբերում է ռուս հայտնի դիվանագետ, 1992-1996թթ.-ին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Ղարաբաղյան հակամարտության հարցով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի խոսքերը, ըստ որի՝ «պատերազմում մեղավորի անունը պետք է մինչև մահ նրա կենսագրության մեջ դրոշմվի անջնջելի սև թանաքով»:

Ի վերջո, հեղինակը եզրակացնում է, որ ինչպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ այն բոլոր պետական մարմինները, որոնք անամոթաբար ու շահագրգռված կերպով խեղաթյուրում են պատմական տվյալներն ու իրադարձությունները, պետք է սկսեն ճշմարտությունը ներկայացնել ինչպես իրենց, այնպես էլ համաշխարհային հանրությանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում