Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները

Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amՍյունիքը վտանգված է, ահազանգում են փորձագետները։ Արցախի տարածքի 75%-ի կորուստը, խոցելի դարձած ՀՀ պետական սահմանները, թշնամու վերահսկողության տակ անցած հայկական գյուղերն ու դիրքերը, Ադրբեջանի և Թուրքիայի միջև Մեղրիով նախատեսված միջանցքը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային նկրտումները Սյունիքի հանդեպ առաջացրել են լրջագույն խնդիրներ ո՛չ միայն Սյունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի անվտանգային համակարգի համար։

Այս հարցում համակարծիք են թուրքագետ Վարուժան Գեղամյանը, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը և «Ռազմինֆո» կայքի ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը, ովքեր որպես բանախոս հանդես են եկել «Սյունիքի անվտանգությունը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» թեմայով համաժողովում, որը կազմակերպել էր Պատրիոտ Ակումբը (Patriot Club)։ Ակումբի հիմնադիր կազմակերպիչ Նվարդ Չալիկյանի խոսքով՝ համաժողովի նպատակն էր վեր հանել այն մարտահրավերներն ու վտանգները, որոնք այսօր ծառացած են Սյունիքի առջև և որոնք հնարավոր են տեսանելի ապագայում։

Ստորև ներկայացնենք հիմնական դրույթները։

Ներկայիս ռազմական և անվտանգային իրավիճակը Սյունիքում

Պատմության ընթացքում Սյունիքն ու Արցախը միշտ դիտարկվել են որպես մեկ միասնություն։ Այսօր, Արցախի տարածքների կորստի հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի սահմանը երկարել է շուրջ 360կմ-ով։ Արդյունքում Սյունիքը մի կողմից շրջափակված է Նախիջևանով, իսկ մյուս կողմից Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներով։ Հայկ Խաչիկյանը նշում է, որ նոր անբարենպաստ բնագծերի պայմաններում սահմանամերձ են դարձել Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր, որոնք նախկինում երբեք չեն եղել այդպիսին։

«Այս բնակավայրերի որոշակի հատվածներ գտնվելու են հրետանային հեռահարության գոտում, իսկ որոշ հատվածներ՝ նույնիսկ հրաձգային զինատեսակների հեռահարության գոտում: Բացի այդ՝ հարվածի հեռավորության ու ադրբեջանական տեսադաշտի տակ է հայտնվել նաև Սիսիան – Գորիս ճանապարհը։ Իսկ այլընտրանքային միակ ճանապարհը օպտիմալ չէ բեռնափոխադրումների համար», – ասում է Խաչիկյանը։

Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել նաև Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ, ինչը վտանգավոր է դարձնում այդ ճանապարհով տեղաշարժը և մասամբ կտրում է Հայաստանի հարավային հատվածը երկրի մնացած մասից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհի մի քանի կիլոմետր հատվածն այսօր նույնպես փաստացի գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Սյունիքի լայնությունը ընդամենը 35կմ է։ Սա չափազանց փոքր տարածք է, որը զինված հարձակման դեպքում շատ արագ հնարավոր կլինի գրավել։ Հետևաբար ներկայիս սահմաններով անվտանգային և ռազմական առումով Սյունիքի մարզը այսօր արդեն իսկ խոցելի է և մեծապես վտանգված», – ասում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ադրբեջանը չի հրաժարվել ռազմական ճանապարհով հարցերի լուծման բանաձևից

Ինչ վերաբերում է այն թեզին, թե ճանապարհների և սահմանների բացումը և առևտուրը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեդրացիական հարաբերությունների հաստատմանը, ապա փորձագետների գնահատմամբ դա չի համապատասխանում իրականությանը։ Տարածքային զիջումները երբեք չեն խաղաղեցնելու հայության այս երկու թշնամիներին, քանի որ նրանք առ այսօր ետ չեն կանգնել Հայաստանը ոչնչացնելու իրենց հեռահար ծրագրերից։ Ընդհակառակը՝ զիջումները ավելի են մոտեցնելու հաջորդ պատերազմը, քանի որ նրանց համար է՛լ ավելի հեշտ է լինելու գրավել թուլացած Հայաստանի նոր տարածքները։

Այս մասին են վկայում ո՛չ միայն Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն ու հռետորաբանությունը Սյունիքը գրավելու հարցում, այլև Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը։

Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը կազմավորել է բանակային նոր՝ ԶՈւ 6-րդ կորպուսը («արցախյան կորպուս»), որը տեղակայելու է իր վերահսկողության տակ վերցված նոր տարածքներում: Միևնույն ժամանակ Սյունիքի արևմտյան հատվածին սահմանակցող Նախիջևանում արդեն իսկ ձևավորվել է առանձին համազորային բանակ։ Այդ շրջանակներում մեծացվել էր սպառազինության ու ստորաբաժանումների քանակն ու որակական հատկանիշները, ինչպես նաև տեղակայվել էր գրոհիչ ավիացիա, որը մինչ 2017թ. այդտեղ երբեք չէր տեղակայվել:

«Առանձին լուրջ աշխատանքներ են տարվում Թուրքիայի հետ զորավարժությունների, ստորաբաժանումների փոխգործակցության և ներդաշնակման ուղղությամբ: Ավելին, Նախիջևանը «ապահովագրելու համար» կառուցվել է Թուրքիայի հետ կապող ռազմական նոր ճանապարհ», – նշում է Խաչիկյանը։

«Այս և բազմաթիվ այլ գործոններ ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական ճանապարհով հարցերի լուծման բանաձևից», – ասում է վերլուծաբանը։

«Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի համոզմամբ այս տարածաշրջանային փոփոխությունները մեծ գլոբալ խաղի մի մաս են, որն ուղղված է Հարավային կովկասում Ռուսաստանի դերի թուլացմանը, ինչը անվտանգության սպառնալիքներ է ստեղծում Իրանի և Հայաստանի համար։

«Այս իրավիճակում վաղաժամ է ենթադրել, որ Ռուսաստանը կպաշտպանի իր դաշնակից Հայաստանի շահերը։ Ռուսաստանը պատրաստ չէ անգամ Դոնբասում աջակցել ռուսներին։ Ռուսները անգամ չկարողացան կանխել Սյունիքի այն գյուղերի հանձնումը Ադրբեջանին, որոնք միշտ եղել են Սովետական Հայաստանի սահմաններում։ Պետք չէ նաև հույս դնել այն բանի վրա, որ Ռուսաստանը սահմանների դեմարկացիայի գործընթացում կաջակցի Հայաստանին», – իրատեսորեն ասում է «Ռեալիստ»-ի խմբագիրը։

Այս պարագայում Հայաստանի համար առավել քան արդիական է «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» հրամայականը։ Բանախոսները գտնում են, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի և ուժեղացնի իր կապերը Ռուսաստանի, Իրանի և բոլոր այն երկրների հետ, ովքեր հակաթուրքական դաշինքի մաս են կազմում։

Շարունակելի․․․

Հետևեք մեզ նաև Telegram-ում