Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա

Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՉինաստանն ընդունել է օրենք, որն առաջին անգամ երկրի առափնյա պահպանությանը բացահայտ թույլ է տալիս կրակ բացել օտարերկրյա նավերի վրա, ինչը կարող է բարդացնել իրավիճակը առանց այդ էլ անհանգիստ հարավ-չինական ծովում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Գործակալությունը նշել է, որ Չինաստանը ծովային վեճեր ունի Ճապոնիայի հետ` Արևելյան Չինական ծովում և մի շարք հարավ-արևելյան պետությունների հետ՝ Հարավ-չինական ծովում:

Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովը, ուրբաթ օրը ընդունել է Առափնյա պահպանության մասին օրենք, ինչը, ըստ ավելի վաղ հրապարակված տեղեկությունների, Չինաստանի առափնյա պահպանության ծառայությանը թույլատրում է կիրառել «բոլոր անհրաժեշտ միջոցները»` կասեցնելու կամ կանխելու օտարերկրյա նավերի սպառնալիքները: Օրինագիծը սահմանում է այն հանգամանքները, որոնց դեպքում կարող են կիրառվել ձեռքի կամ նավի համար նախատեսված, ինչպես նաև օդային զենքեր: Այն նաև առափնյա պահպանության ծառայությանը լիազորել է ստեղծել ժամանակավոր բացառման գոտիներ` այլ նավերի անձնակազմի մուտքը կանխելու համար:

Այս քայլը կարող է բարդացնել Չինաստանի հարբերությունները Միացյալ Նահանգների հետ, քանի որ այն ռազմավարական դաշինքների մեջ է գտնվում ասիական-խաղաղօվկիանոսյան մի շարք երկրների` Ճապոնիայի, Վիետնամի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի հետ:

Reuters-ը նշում է, որ Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը 2018 թվականին անցել է Ժողովրդավարական զինված ոստիկանության հրամանատարության վերահսկողության տակ և դարձել ռազմական ուժերի մեկ ճյուղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում