Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու. Ս. Օհանյան

Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու. Ս. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Tert.amԲանակն այն կառույցն է, որը միշտ կազմակերպչական առումով տարբերվել է մնացած կառույցներից, բանակն ամենամեծ հնարավորություններն ունի ինքնակազմակերպվելու․ և այսօր էլ այդ ինքնակազմակերպման շուրջը պետք է հավաքվենք, որ այս հոգեբանական իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այս 30 տարվա ընթացքում, իհարկե, ունենալով բազմաթիվ բացթողումներ, այնուամենայնիվ ստեղծվել են անվտանգային համակարգն ու բանակը, իշխանության բոլոր թևերը, և այդ բոլոր ուղղություններով առաջընթաց եղել է: «Յուրաքանչյուր քաղաքական ուժի մեծահոգությունն ու հնարամտությունն է տեսնել լավը, տեսնել հիմքը և այդ հիմքի վրա կառուցել քո տունը, ոչ թե հիմնահատակ քանդել և քանդելուց հետո, առավել ևս չիմանալով թե ինչպես են պետական տունը կառուցում, սկսել անկազմակերպ քայլեր իրականացնել բոլոր ուղղություններով: Սա է արվել պետական կառավարման վերջին 2.5 տարիներին: Ինչպե՞ս կարելի է գոնե արցախյան բանակցային գործընթացների ընթացքում չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս ամբողջ 30 տարիների ընթացքում այդ գործընթացը առաջ են տարել, ինչ-որ բանի են հասել, ինչ-որ մի արդյունք են գրանցել՝ թեկուզ փխրուն, բայց ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղությունը կարգավիճակը պահպանվել է»,- նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝ նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արել են, որ այս պատերազմը լինի՝ միգուցե չգիտակցելով:

Օհանյանն ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի դերն այս պատերազմում շատ ցածր է եղել: ըստ նրա՝ երկրի ղեկավարը պետք է բոլոր օղակները պարբերաբար, մշտապես օգտագործեր պատերազմական ժամանակահատվածում կառավարումն իրականացնելու համար, իսկ Անվտանգության խորհուրդն այն վայրն էր, որտեղ որ համապատասխան որոշումներ պետք է ընդունվեին:

«Պետական մակարդակի մարդիկ պարտավոր էին վերախմբավորումներ իրականացնել և փակել այն ճեղքը, որը մխրճված վայրից 283 կմ բերեց,հասցրեց մինչև Շուշի, մնացածից՝ մոտ 265 կմ-ից, մեզ այսօր մնացել է միայն 100 կմ հատված, մնացած բոլորը մենք պետք է 0-ից կառուցենք: Մեր ազգային գաղափարախոսության մեջ խախտվել է այն առանձահատկությունը, որ վտանգի պահին հայ ժողովուրդը միասնական է: Այս իշխանության օրոք վտանգի պահին մենք միասնական չեղանք, հակառակը՝ Ալիևը հոխորտաց, ինքն սկսեց պատրազմը և ինքն էլ իր պատերազմն անվանեց հայրենական, փոխանակ մենք այդ ամեն ինչը հակադրեինք և համախմբեինք մեր ժողովրդին՝ հայրենական պատերազմ վարելու համար»,– ասաց նա:

Օհանյանը հավելեց, որ փոխարենը մենք մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, ազգային հերոսի կոչումներ և այլն: «Այսինքն՝ մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, ամեն ինչ արել ենք, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի, և նաև խրախուսել ենք այդ ամբողջ նահանջը: Ահա սա է այն ճանապարհը, որ այս պատերազմի ժամանակ մենք տեսել ենք»,- շեշտեց նա:

Օհանյանի խոսքով՝ եթե ինչ-որ մի ստորաբաժանում ձախողվում է, այդ ստորաբաժանման հրամանատարը փոխվում է, հիմա ձախողել է նաև պետությունը ու պետք է փոխվի իշխանությունը։

«Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու, սա է պատճառը, որ մենք մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ», – ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում