Ես զարմացա, երբ հայտարարվեց՝ մեր Շուշին ադրբեջանական քաղաք է. Սամվել Հարությունյան (տեսանյութ)

Ես զարմացա, երբ հայտարարվեց՝ մեր Շուշին ադրբեջանական քաղաք է. Սամվել Հարությունյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Tert.am: Եթե մարդ ի վիճակի է զարմանալու, ապա դա նշանակում է՝ նա դեռ ապրում է, զարմանալն անվերջ կատեգորիա է, ես վերջին անգամ զարմացա, երբ հայտարարվեց, որ մեր Շուշին ադրբեջանական քաղաք է, ապշեցի, որ դա հնչեց մեր երկրի վարչապետի շուրթերից: Այս մասին «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ասաց ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ գիտության կոմիտեի նախկին նախագահ Սամվել Հարությունյանը:

«Մենք բոլորս այնպիսի վիճակում ենք գտնվում, թվում է, թե ողնաշարը կոտրվեց և վերականգնել հնարավոր չէ, բայց մի շատ կարևոր բան ասեմ՝ եղել են բազմաթիվ երկներ, պետություններ, որոնք ծայրահեղ ծանր վիճակում գտնվելով, պարտություն կրելով, կարողացել են ուղղել իրենց ողնաշարը և հետագայում գրանցել շատ բուռն հաջողություններ»,- ասաց նա:

Նա հարց հնչեցրեց՝ արդյոք այն, ինչ տեղի ունեցավ պատահականությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն: «Այն ինչ կատարվեց մեզ մոտ, դա պատճառաբանված էր, հենց այնպես տեղի չունեցավ իշխանափոխությունը, ստեղծվել էր համապատասխան մթնոլորտ, որը բերեց իշխանափոխության, մենք բոլորս պարտավոր ենք սա գիտակցել և անել այնպես, որ նման բան տեղի չունենա: Այս երիտասարդները, որ եկան իշխանության, այն բացասականը, որ կար, ավելի զզվելի ձևով ընկալվեց, ավելի զարգացավ, դրան գումարվեց ապաշնորհ ղեկավարումը և մենք ստացանք ղարաբաղյան երկրորդ պատերազմը, խայտառակ կապիտուլյացիայով և այն իրավիճակը, որն այսօր ունենք»,– նշեց նա:

Սամվել Հարությունյանի խոսքով՝ եթե մենք կարողանանք պատճառահետևանքային կապերը ճիշտ դասավորել, ապա հնարավոր է այս իրավիճակն ուղղել: «Պատճառականության սկզբունքին հատուկ է մի շատ հետաքրքիր հատկություն․ եթե պատճառների շարքը դասավորում ես այնպես, որ հետևանքները լինեն այնպիսին, ինչպիսին ինքդ ես ցանկանում, արդյուքնում կարող ես ստանալ ցանկալի արդյունք: Ցանկացած կառավարիչ, եթե այս տեխնիկային չի տիրապետում, նա թեկուզ ժամանակավոր հաջողություններ ունենալու պարագայում անհաջողության է մատնվելու և մերժվելու է, սա պետք է դաս լինի բոլորիս: Այսուհետ մենք պետք է լինենք միասնական և փորձենք պատրաստել այնպիսի պատճառահետևանքային շղթա, որ ստանանք մեզ համար բաղձալի արդյունքը»,– նշեց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում