Դավիթ Տոնոյանը պետք է փակագծեր բացի․ Տիգրան Աբրահամյան

Դավիթ Տոնոյանը պետք է փակագծեր բացի․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Tert.am: Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հարցազրույցում։ Հեղինակը նշում է, որ Դավիթ Տոնոյանն իր «մեղքերը գոնե մասամբ քավելու» կամ ուղղակի իր խղճի առաջ պատասխանատու լինելու նպատակահարմարությունից ելնելով դեռ պետք է խոսի։ Պետք է խոսի՝ փակագծեր բացելով, իրավիճակի պատասխանատուներին ուղիղ մատնանշելով և ռազմաքաղաքական իրադրությանը օբյեկտիվ գնահատականներ տալով։ Հոդվածը կարդացեք ստորև։

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ հրապարակային խոսք է հնչեցրել՝ ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում անդրադարձել ինչպես վերջին պատերազմական գործողություններին, այնպես էլ իր անձին վերաբերող որոշ քննադատություններին։

Հետպատերազմյան փուլում, մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ նախկին, ներկա մի շարք պաշտոնյաներ պարտավոր են խոսել և ցրել այն տեղեկատվական վակուումը, որն ստեղծվել է պատերազմի օրերին և դրանից հետո։

Պետք է խոստովանել, որ առ այս պահը հանրությունն այդ թեմայով շարունակում է մնալ տեղեկատվական շրջափակման մեջ, ինչը ստեղծված իրավիճակին լրացուցիչ լարվածություն է փոխանցում։

Դավիթ Տոնոյանը խոսեց։ Չէի ասի, թե նա այս հարցազրույցով էական տեղեկատվություն փոխանցեց հանրության համար կարևորություն ներկայացնող թեմաների շուրջ, բայց հույս ունեմ, որ նա առաջիկայում մի շարք խնդրահարույց թեմաների շուրջ դեռ կծավալվի։

Մեկ կարևոր հանգամանք կա, որ իսկզբանե պետք է հստակեցվի՝ ի՞նչն է դրդել նախկին նախարարին խոսելու, այս դեպքում՝ ինքնապաշտպանվելու։

Արդյո՞ք դա կապված է ավելի վաղ, իր անձի հետ կապված դեմքի/դեմքերի գործով հարուցված քրեական գործին, արդյո՞ք սա պայմանավորված է իր դեմ՝ նաև իշխանության հպումով իրականացվող հակաքարոզչությանը, մասնավորապես, որպես պարտության հիմնական մեղավորի։

Հայաստանի վարչապետն արդեն մի քանի անգամ հրապարակային հարցադրում է արել, նշելով, որ ինքը առաջին պատասխանատուն է, սակայն արդյո՞ք առաջին մեղավորն է՝ սլաքն ուղելով Զինված ուժերի գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության ուղղությամբ՝ հասկանալի է, որ առաջին հերթին այդ կառույցների առաջին դեմքերի դեմ։

Ասածս ենթադրություն չէ, որովհետև հետպատերազմյա փուլի առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ուղիղ կամ քողարկված ձևով փորձում էին իրադրության ողջ պատասխանատվությունը բարդել զինված ուժերի վրա։

Եվ երրորդ, արդյո՞ք Դավիթ Տոնոյանը հանրությանը տեղեկատվություն փոխանցելու գործառույթը կարևորել է և առաջնորդվել է այս սկզբունքով։

Ի դեպ, այդ օրերին, իմ համար դեռևս անհայտ պատճառներով, ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մտան այդ խաղի մեջ՝ տարբեր լրատվամիջոցներով փորձելով պահել վարչապետի թիկունքը՝ իրենք իրենց նետելով «այրվող խարույկը»։

Ենթադրում եմ, որ ավելի ուշ գիտակցելով իրենց քայլերի հետևանքները՝ առաջին հերթին իրենց համար, վերջիններս հետագայում զերծ մնացին իշխանության քարոզչության առաջամարտիկները լինելու՝ նախապես իրենց վերապահված դերից և «խորն ընդհատակ անցան»։

Գալով բուն հարցազրույցին՝ պետք է հասկանալ, ո՞ւմ էին ուղղված նախկին նախարարի ուղերձները։ Հասցեատերեր կարելի է փնտրել կառավարությունում, Անվտանգության խորհրդում, Պաշտպանության նախարարությունում, ԶՈՒ Գլխավոր շտաբում, ընդդիմադիր ճամբարում, սակայն հանրության ճնշող մեծամասնության համար այս հարցազրույցում լուրջ ուղերձներ չկային։

Մի դրվագի վրա եմ ցանկանում ուշադրություն սևեռել, որը ևս հաստատում է, որ այս պահին խոսքը մեծ արժեք ունի։ Դավիթ Տոնոյանը նշում է, որ «մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը և թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել»:

Հանրությանը քաղաքական մղձավանջից և թերարժեքության բարդույթից զերծ պահելու համար Հայաստանի և Արցախի նախկին, ներկա պաշտպանության նախարարները, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, տարբեր բարձրաստիճան զինվորականներ պետք է հանրության հետ հաղորդակցվեն։ Դրա միջոցներն ու մեթոդները թող իրենք որոշեն՝ ըստ պահի, իրադրության նպատակահարմարության, բայց պետք է խոսեն։

Այդ հաղորդակցության արդյունավետությունն էլ կախված է նրանց անկեղծությունից և փոխանցվող տեղեկատվության ծավալից ու բովանդակությունից։ Հասկանալի է, որ կան բաներ, որոնք անվտանգության տարրական պահանջներից կախված դեռևս ենթակա չեն հրապարակման, իսկ որոնք ենթակա են պետք է հրապարակվեն՝ որքան շուտ այնքան լավ։

Հասկանում եմ, որ առկա քաղաքական իրավիճակը, ինչու չէ՝ իշխանության վերին օղակներից իջեցվող ճնշումներն ամենաբարենպաստ իրավիճակը չեն ստեղծել, սակայն գոնե աստիճանաբար պետք է հրապարակային խոսք հնչեցվի։

Դավիթ Տոնոյանն իր «մեղքերը գոնե մասամբ քավելու» կամ ուղղակի իր խղճի առաջ պատասխանատու լինելու նպատակահարմարությունից ելնելով դեռ պետք է խոսի։ Պետք է խոսի՝ փակագծեր բացելով, իրավիճակի պատասխանատուներին ուղիղ մատնանշելով և ռազմաքաղաքական իրադրությանը օբյեկտիվ գնահատականներ տալով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում