Աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ. Գուտերեշ

Աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ. Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Panorama.amՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակի արդյունքում աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ նրա, այսօրվա աշխարհը կարելի է բնութագրել մեկ բառով` «փխրուն»։

«Ավելի քան երկու միլիոն մարդ է մահացել համաճարակի պատճառով։ Եվ մենք գտնվում ենք վերջին հարյուր տարվա վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ»,- ասել է Գուտերեշը:

Դիվանագետը կարծում է, որ համաճարակը մերկացրել է համաշխարհային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկանց և երկրների անհավասարությունը, կլիմայի և կենսաբազմազանության ճգնաժամերի անկայունությունը: Նրա խոսքով, բնության հետ պատերազմ վարելը բերում է նրան, որ այն պատասխան հարված է հասցնում:

Գուտերեշը աշխարհին երկխոսության և համագործակցության կոչ է արել:

«Կառավարությունները, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը, քաղաքները պետք է միասին աշխատեն», – նշել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ 2021 թ.-ին աշխարհը բացառիկ հնարավորություն ունի օգտագործել համաճարակի վերականգնումը` «փխրունությունից դեպի կայունություն անցնելու» համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում