ՌԴ-ն ողջունում է Իրանի ձգտումն՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը. Լավրով

ՌԴ-ն ողջունում է Իրանի ձգտումն՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Tert.amՌուսաստանը ողջունում է Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և մի շարք եվրոպական երկրների ձգտումը միանալու Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում:

Վերջինս ընդգծել է, որ Իրանը, Թուրքիան և Վրաստանը հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ: Բացի այդ, նրա խոսքով՝ արդեն նախաձեռնություններ են ներկայացվում, որ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ ձգտեն տարածաշրջանում նոր հարաբերությունների կառուցմանը՝ հաշվի առնելով նոր իրադրությունը:

«Իրադրություն, երբ չկա պատերազմ, երբ կա պայմանավորվածություն վերացնելու բոլոր շրջափակումները և կյանքի բնականոն հունին խոչընդոտող այլ սահմանափակումները երկրագնդի այդ շատ կարևոր հատվածում»,- պարզաբանել է Լավրովը:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանից, Իրանից և Թուրքիայից բացի կան շատ այլ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, որոնք ցանկանում են միանալ Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը: «Կասկած չունենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծերին միանալու հարցում: Ռուսաստանը ևս անմիջականորեն կմասնակցի այդ ջանքերին, որոնք բխում են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին պայմանավորվածություններից: Այդ հաշվով արդեն որոշակի ուրվագծեր կան»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում