«Հայաստանի Հանրապետություն». Հայ ռազմագերիների վերադարձի հարցը հայտնվել է ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում

«Հայաստանի Հանրապետություն». Հայ ռազմագերիների վերադարձի հարցը հայտնվել է ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում

«Ստրասբուրգում հունվարի 25-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում չի ներառվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ամրագրված դրույթը, այն է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ «Մարդու իրավունքներ» ասվածը վերացական և գեղեցիկ բառակապակցություն չէ։ Այն սնվում է իրական մարդասիրությունից, որը համահունչ է հայկական քաղաքակրթությանը անգամ միջնադարում։ Մարդու և համամարդկայինի միահյուսումը արտահայտվել և արտահայտվում է ոչ միայն հայկական մշակույթի տարբեր դրսևորումներում, այլև հայ քաղաքական-իրավական մտքի ձևակերպումներում։ Այսօր, երբ աշխարհին մատուցվում է մարդու իրավունքների գերակայությունը որպես մոդել, որքան էլ ցավալի է՝ տնտեսական և քաղաքական շահերից ելնելով, հայ մարդու կյանքի և ազատության իրավունքը հայտնվել է համաշխարհային քաղաքական օրակարգերի լուսանցքում։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ հարցը չի ընդգրկվել օրակարգ այն հիմնավորմաբ, որ նախատեսվում է առանձին զեկույց պատրաստել հումանիտար խնդիրների թեմայով, ուստի այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում։ Զեկույցի հեղինակը լինելու է իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանը: «Մերժելով հանդերձ, այնուամենայնիվ հարցը դարձավ քննարկման առարկա: Քաղաքական խմբերից ԵԺԿ–ի և ԱԼԴԵ–ի ղեկավարները լիագումար նիստի ժամանակ խոսեցին խնդրի կարևորության մասին։ Մենք ևս մեր ելույթներում թե՛ քաղաքական խմբերում, թե՛ հանձնաժողովների նիստերի ժամանակ, թե՛ լիագումար նիստի ընթացքում անդրադարձել ենք հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդրին՝ ընդգծելով հարցի հրատապության մասին»,- ասաց նա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում