Ինչու Ռուսաստանում հեղափոխություն չի լինի. Regnum-ի անդրադարձը

Ինչու Ռուսաստանում հեղափոխություն չի լինի. Regnum-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Tert.amՌուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակ Ալեքսանդր Խալդեյն անդրադարձել է Ռուսաստանում հեղափոխության իրականացման հնարավարությանը:

Հեղինակը նշել է, որ հունվարի 23-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները ներկայացնելով որպես լայնամաշտաբ քաղաքական գործընթացներ ձևավորելու փորձ՝ գերագնահատվում են իրադարձության կարևորությունը և դրա հետևանքները իշխանությունների և հասարակության համար: Բողոքի ակցիաների ընթացքում հասարակության կողմից ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին և քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ չեն հնչել:

«Սա ֆանտազիա է և իրականության ոչ ադեկվատ գնահատում», – գրել է Խալդեյը:

Հեղինակը կարծում է, որ, առաջին հերթին, մարդիկ` իշխանությունների կողմից այլ հարցերի վերաբերյալ արձագանք չստանալու պատճառով էին հավաքվել: Բացի այդ, հեղինակը կարծում է, որ ցույցերի ագրեսիվությունը հիմնված է մի քանի դրդապատճառների՝ ճգնաժամի, թանկացումների, հոգնածության և անորոշության և նույնիսկ 1991 թվականից ի վեր և մինչ այժմ շարունակվող բնակչության լյումպենիզացման (խավերի ապադասակարգում, որը հատկապես տարածում է ստացել կապիտալիզմի պայմաններում) վրա: Եվ խավերի այս նոր դասակարգման համար քսանհինգ տարի աշխատել է ռուսական ամբողջ լրատվական-տեղեկատվական-կրթական համակարգը, կարծում է հեղինակը:

«Հասարակությունն էլիտայի հետ դեգրադացավ, սակայն հակաէլիտա չձևավորվեց: Դրա համար դեռ բավարար պատճառներ չկան ո՛չ պատերազմների, ո՛չ հեղափոխությունների համար: Ամեն ինչ կայուն է և կանխատեսելի, ամեն ինչ վերահսկելի է», – նշել է հոդվածագիրը:

Ըստ Խալդեյի, երիտասարդները միշտ բողոքում են՝ այն էլ հիմար, անգիտակից և ինքնաբուխ և այդ տեսանկյունից ոչինչ չի փոխվել 1987 թվականից ի վեր:

«Եվ քանի մարդ է փչացրել իր ձմեռային վերարկուն՝ Սախարովի հուղարկավորության երթի ժամանակ վառվող մոմերից պարաֆին կաթեցնելով հագուստի վրա: Հետո` 20 տարի անց, նրանք թքեցին դրա վրա: Բայց ի՞նչ կարող ես անել: Յուրաքանչյուր երիտասարդ սերունդ ունի իր հիմարության իրավունքը», – գրել է նա:

Հեղինակը կարծում է, որ Նավալնին մեր օրերի Նովոդվորսկայան և Սախարովն է և այս ամենը նույն կերպ էլ ավարտվելու է: Նա նշել է, որ բողոքի ակցիաները չունեն հստակ, գիտակցված պահանջներ և ծրագիր, ինչպես նաև ղեկավարներ, որոնք ընդունակ են նման պահանջներ ձևակերպել. «Նույնիսկ բողոքի ակցիայի ղեկավարները չեն ձգտում իշխանության: Նրանց նպատակը սադրանք է՝ ճանապարհ բացելով այն մարդկանց համար, որոնց երկիրը դեռ չի ճանաչում: Նրանք ստվերից դուրս կգան, երբ Նավալնիի գործը համարեն ավարտված, և էլիտան բավականաչափ պատրաստ լինի պառակտման»:

Խալդեյը նշել է, որ այս ցույցերի նպատակն իրարանցում առաջացնելն է, որպեսզի իշխանությունները կարծեն, թե մեծ ուժ է դուրս եկել իրենց դեմ և հանձնվեն: Ակնկալվում է, որ շատերը ժամանակից շուտ կփախչեն և խուճապի կմատնեն մյուսներին, այնուամենայնիվ, եթե բողոքի ակցիաները չհանգեցնեն իշխանության փլուզման, ապա ժամանակի ընթացքում ամեն բան կավարտվի:

Եզրափակելով իր հոդվածը` հեղինակը նշել է, որ Նավալնիի մոբիլիզացիոն ուժն արդեն սպառվել է և բողոքի նոր ալիք բարձրացնելու համար անհրաժեշտ կլինի նոր ցնցող պատմություններ գտնել և շեշտել, որ ամենայն հավանակությամբ նոր տեխնոլոգիաներ կձեռնարկվեն, որտեղ առաջնային կլինեն տարածաշրջանային հակամարտությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում