«ԼՂ-ի շուրջ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հետևողականորեն իրագործվում են»․ Պուտին

«ԼՂ-ի շուրջ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հետևողականորեն իրագործվում են»․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Tert.amԼեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերին, հետևողականորեն իրականացվում է: Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։

«Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը։ Կարևոր է, որ այն մեծ հաշվով հետևողականորեն իրագործվում է։ Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է՝ լիակատար հրադադարի հասնելու և կայունացման գործընթացը սկսելու համար»,- ասել է Պուտինը։

Պուտինը նաև միջազգային հանրությունը կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։

«Միջազային հանրության և, իհարկե, հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների առջև դրված է Լեռնային Ղարաբաղի տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության և վերականգնման հետ կապված մարդասիրական հարցերի լուծման խնդիրը»,– ասել է ՌԴ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում