Ն․ Զոհրաբյանը զեկույց կներկայացնի ԵԽԽՎ-ում

Ն․ Զոհրաբյանը զեկույց կներկայացնի ԵԽԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Tert.am: Իմ օրինակով ցույց կտամ, թե ինչպես կարող է իշխանությունն իրական թշնամիների դեմ պայքարելու փոխարեն` թիրախ դարձնել իր համար անցանկալի գործիչներին՝ ընդհուպ ներխուժելով նրանց անձնական կյանք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի քաղաքական նիստի ընթացքում կայացված որոշմանը, որ Զոհրաբյանը պետք է զեկույց ներկայացնի սոցցանցերում ընդդիմադիր գործիչների նկատմամբ իշխանության կողմից թիրախավորումներին։

«Զեկույցը սոցիալական ցանցերում, և, մասնավորապես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանրային դեմքերին, քաղաքական գործիչներին՝ հատկապես կին, իշխանությունների և տարբեր քաղաքական խմբերի կողմից ատելության թիրախ դարձնելուն է վերաբերելու։ Ես պատրաստակամություն հայտնեցի այդ զեկույցի հեղինակը լինել, և իմ օրինակով ցույց կտամ, թե ինչպես է հնարավոր իշխանական ողջ լծակները գործադրելով՝ թիրախ սարքել քաղաքական գործիչներին, որոնց գործունեությունը անհարմարավետություն է ստեղծում իշխանության համար»,- ասաց նա։

Զոհրաբյանը նշեց, թե տարբեր երկրների պատվիրակներ ևս ընդգծել են, որ իրենց երկրում դա լրջագույն խնդիր է։ «Ես վերջերս զրուցել եմ ԵԽ նախկին կին պատգամավորի հետ, որը, չդիմանալով սոցցանցերում իր և իր ընտանիքի հանդեպ հարձակումներին՝ վայր դրեց ԵԽ-ում իր մանդատը։ Բնականաբար, իմ դեպքում իշխանությունն իր նպատակին չի հասնի»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում