ՀՀ ԱԺ նախագահը, պատգամավորները պատերազմի օրերին Արցախ գնացել են որպես աշխատանքային այց, ստացել գումար

ՀՀ ԱԺ նախագահը, պատգամավորները պատերազմի օրերին Արցախ գնացել են որպես աշխատանքային այց, ստացել գումար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Tert.am: Հայաստանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ Արցախում գտնվել են որպես գործուղվածներ: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի կայքում հրապարակված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրություններից:

Ըստ առաջին կարգադրության՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Շիրակ Թորոսյանը, Սերգեյ Ատոմյանը, Արեն Մկրտչյանը, Ռուստամ Բաքոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Գայանե Աբրահամյանը (այժմ վայր է դրել մանդատը), Լուսինե Բադալյանը, ԱԺ նախագահի խորհրդականի Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի պետ Էդգար Բարսեղյանը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին` գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Մեկ այլ կարգադրությամբ՝ հոկտեմբերի 3-5-ը ԱԺ նախագահը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Իմ քայլի» պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Սիմիդյանը, « Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը և Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն լրատվության արտադրության բաժին պետ Էդգար Բարսեղյանն էլ գործուղվել Արցախ:

ԱԺ նախագահի կարգադրությունում հղում է արվում 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա որոշմանը, համաձայն որի՝ պետք է պատգամավորներին սնվելու գումար տան՝ օրապահիկ, գիշերակացի գումար,ճանապարհածախսի գումար և այլն:

Սակայն, ըստ հղում արած կարգադրության՝ օրապահիկն Արցախում 2000 դրամ է, իսկ գիշերակացը՝ 5000-ից 25 000 դրամ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում