«Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարաձգման մասին համաձայնագրի վավերացման օրենքը». Պեսկով

«Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարաձգման մասին համաձայնագրի վավերացման օրենքը». Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհապաղ կստորագրի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍ) պայմանագրի երկարացման մասին համաձայնագրի վավերացման օրենքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հենց փաստաթուղթը ստացվի, այն անհապաղ կստորագրվի: Այստեղ անչափ կարևոր է արագությունը, իսկ հետո արդեն կփոխանակեն համապատասխան որոշումները»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ի պատասխան դիտարկմանը, թե երբ կարող են սկսվել ՌՀՍ նոր պայմանագրի շուրջ խորհրդակցությունները, որը կփոխարինի ներկայիս երկարաձգված տարբերակին, Պեսկովն արձագանքել է. «Այդ մասին վաղ է խոսել»:

Հիշեցնենք՝ չորեքշաբթի ՌՀՍ պայմանագիրը 5 տարով երկարացնելու մասին համաձայնագիրը, որը ներկայացրել էր պետության ղեկավարը, միաձայն վավերացվել էր Պետական դումայի պատգամավորների և Դաշնության խորհրդի անդամների կողմից:

Նշենք՝ մեկ օր առաջ տեղի էր ունեցել Պուտինի հեռախոսային զրույցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հաջողվել այդքան արագ համաձայնության գալ ՌՀՍ պայմանագրի թեմայի շուրջ, Պեսկովն ավելի վաղ պարզաբանել էր, որ «դրան նախորդել է բավականին լարված աշխատանք»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնվել են առանց նախապայմանների երկարացնել ՌՀՍ պայմանագիրը, ինչպես դա նախկինում պնդում էր Մոսկվան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում