Իմ տունն այսօր թուրքից 30 մետր է հեռու, իմ 7 տարեկան աղջիկ երեխան ամեն օր թուրքի է տեսնում. պատերազմի մասնակից (տեսանյութ)

Իմ տունն այսօր թուրքից 30 մետր է հեռու, իմ 7 տարեկան աղջիկ երեխան ամեն օր թուրքի է տեսնում. պատերազմի մասնակից (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Tert.amԵս Ղարաբաղից եկել, նայում եմ ձեզ, փոշմանում եմ, որ Նիկոլի հրամանը չեմ արել, տարածքները չեմ տվել: Մենք 46 հոգով կարողացանք Քարվաճառի տարածքը պահել, չտալ, մինչև այսօր իրենց հրամանը չենք անում, դիրքերից չենք իջնում, ու այս մարդիկ դեռ այստեղ նստած են: Այս մասին Դատախազության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով ակցիայի ընթացքում հայտարարեց պատերազմի մասնակիցը՝ ընդգծելով քաղաքացիների անվճռականությունը իշխանություններին հեռացնելու առումով:

Մինչ նրա ելույթը «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը հայտարարեց, թե Արցախի Չարեքթար գյուղը չի հանձնվել հենց այս արցախցու շնորհիվ, քանի որ նա կանգնել է ու ասել, որ դա իր գյուղն է, և այնտեղից մի քայլ չի նահանջելու:

«46 հոգի Դադիվանքի գլխից սկսած պահել ենք ու չենք ենթարկվում էս մարդկանց հրամաններին, որովհետև դա իմ օջախն է, ես այսօր իմ օջախի դերքերը թողել եմ, եկել եմ ձեզ ասելու՝ օգնեք մեզ մինչև վերջ մնալ: Եթե այսպես պասիվ եք մնալու, սրանք գնալու են ընտրությունների էլ, Վարդենիսն էլ են տալու, վաղը Մարտունին էլ են տալու: Ես իմ բոլոր մարտական ընկերներին կոչ եմ անում միանալ մեզ: Ի՞նչ եք մտածում, ժողովուրդ, էսօր ինձ նման տղաները Օմարի լեռնաշղթայում 42 աստիճան սառնամանիքի մեջ կանգնած ձեզ են պահում: Ի՞նչ ենք փոխանցում մենք մեր երեխաներին՝ կորցրած տարածքներ, ավերված բանակ. կաշառակերություն չկա, զինվորն առանց կոշիկի է, դուք հասկանու՞մ եք»,- ասաց ան՝ նշելով, թե պայքարը լինելու է շարունակական:

«Ինձ նման տղաները ողջունում են ձեզ, ոնց նայում եմ՝ այսօր այստեղ այս մարդիկ են ազգի համար մտածում: Բանակի օր են անում, կառավարության 90 տոկոսը բանակից փախած է, հասկանու՞մ եք, ի՞նչ եք անում: Ես կուսակցական չեմ, իմ կուսակցությունն իմ ձեռքի զենքն է: 1990-ից ես 30 տարի պայքարում եմ այնտեղ, իմ տունն այսօր թուրքից 30 մետր է հեռու, իմ 7 տարեկան աղջիկ երեխան ամեն օր թուրքի է տեսնում: Իրենց հետ չեք կարողանալու մուտք կիսել, մտածե՛ք, ժողովուրդ: Սա լինելու է շարունակական, մինչև սրանք չգնան, ես էլ դիրքեր չեմ բարձրանալու»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում