Երկրաշարժի հետևանքով ատոմակայանում խնդիր չի առաջացել

Երկրաշարժի հետևանքով ատոմակայանում խնդիր չի առաջացել

Հայաստանի տարածքում տեղի ունեցած 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Խնդիրներ չեն առաջացել, քանի որ երկրաշարժի ուժգնությունն ատոմակայանի տարածքում կրկնակի ցածր է եղել անվտանգության համակարգի միացման համար թույլատրելի սանդղակից: Կայանը շարունակում է աշխատանքը իր բնականոն ռեժիմով՝ թույլատրելի ամբողջ հզորությամբ»,- նշեց Մուրադյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կոնկրետացնում է փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք․ Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս: «Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։
Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ»,-հայտնում է ԱԻՆ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում